Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը՝ երևանյան բեմում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետի ներկայացումը։ Երաժշտություն՝ Մ. Ռավել, Կ. Սեն-Սանս, Ժ. Մասսնե, բեմանկարիչ՝ Զինովի Մարգոլին։
Բորիս Էյֆմանի «Ռոդենը՝ նրա հավերժական կուռքը» բալետը պատմում է երկու մեծ քանդակագործների՝ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհու, սիրեկանի և մուսայի՝ Կամիլ Կլոդելի կյանքի և գործունեության մասին:
Նրանց սիրո պատմությունն իսկապես ողբերգական է: Ավելի քան 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ անբաժանելի ամբողջություն՝ թե՛ զգացմունքային, թե՛ ստեղծագործական առումներով:
Զույգի վերջնական բաժանումը մահացու հարված է դառնում Կամիլի հոգեկան առողջությանը, ինչն էլ պատճառ է հանդիսանում նրա ողբերգական վախճանին: Կիսամոռացված, մեկուսացված ու աղքատ Կամիլը դառնում է ի վերջո խելագար։
Պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում մշակույթը միշտ մարդկանց կողքին է՝ տալով նրանց արարելու ուժ և հավերժության հույս:
Օգտագործելով ժամանակակից հոգեբանական բալետի յուրահատուկ պլաստիկ լեզուն, որը փայլուն կերպով հղկել է պարուսույցը իր նախորդ ներկայացումներում (Եվգենի Օնեգին, Ճայը, Աննա Կարենինա, Ռուսական Համլետ և այլն), Էյֆմանը ոչ միայն ցույց է տալիս մարդկային կրքերի աշխարհի նոր ըմբռնումը, վարպետորեն ուսումնասիրված Ռոդենի և Կլոդելի կողմից իրենց ստեղծագործություններում, այլ նաև ստեղծում է գլուխգործոց ստեղծագործական գործընթացի անհասկանալի առեղծվածի մասին։
Ներկայացումները կանցկացվեն «Հայֆեստ» 20-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում։
«Ռոդենը՝ նրա հավերժական կուռքը» ներկայացման պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Մադրիդի, Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերական բեմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։