«Ժողովուրդ». Արցախի հարցով հաջորդ բանակցություններում Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որևէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս: Ու թեև Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերի հետ, ավելանում են, երևանաբնակներն ամեն պահի սպասում են, որ հաջորդ արկն իրենց գլխին կարող է ընկնել, իշխանության ներկայացուցիչները ձկան պես լռում ու վախ են գեներացնում հասարակության ներսում: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել՝ երեք ժամից ավելի պատգամավորներն ինչ են քննարկել իրենց քաղաքական առաջնորդի հետ:
«Հարցերը եղել են, ամեն մեկն իր սուրբ պարտքն է համարել լուրջ ու անհանգստացած դեմքով հարց ուղղել Փաշինյանին: Ռազմական դրություն հայտարարելու կամ դրա մասին խոսակցություն առհասարակ չի եղել: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է՝ Ռուսաստանը կարծես թե դեմ չէ, որ Հայաստանը մեկ այլ երկրից զենք բերի: Ուրախությամբ տեղեկացրել է նաև, որ այս պահին զենք ձեռք բերելու մասով մի քանի երկրի հետ նախնական պայմանավորվածություններ ունեն: Բայց թե որ երկրների մասին է խոսքը, չի մանրամասնել»,- տեղեկացրեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Այդ օրը խոսվել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության ու ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Փաշինյանը հենց սկզբից ընդգծել է՝ Ռուսաստանի հասցեին խիստ ու կոշտ արտահայտվել չեն կարող, քանի որ դա տնտեսական մի շարք «ապտակներ» կարող է արժենալ՝ գազի գնի վերանայումից մինչև ցորենի ներմուծում:
«Բայցև կարծիք են արտահայտել, որ կարող են խայթել Ռուսաստանին՝ հասկացնելով, որ մենք էլ նեղանալ գիտենք: Իհարկե, մի քանի անգամ է շեշտվել՝ ռուսներին վերջնական ցտեսություն ասելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հավելեց մեր զրուցակիցը: Իշխանականները քննարկել են նաև Արցախի կարգավիճակի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Արցախի իշխանություններին պետք է թողնել բանակցային հարցը: Այսինքն՝ ենթադրել կարելի է, որ Արցախի հարցով հաջորդ բանակցություններում նաև Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը։ Այն, ըստ երևույթին, տեղի կունենա Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան