ՀՖՖ-ն արձագանքել է Տալալաևի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին լուրերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը հայտնել է, որ կազմակերպությունը չի բանակցում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման շուրջ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՖՖ-ն դիտարկում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածուների։ Երբ համաձայնության հասնի, մենք պաշտոնական հայտարարություն կանենք»,- Կարապետյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։
Metaratings.ru-ն հայտնել է, որ Գրոզնիի «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Տալալաևը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը։ Ըստ հրապարակման, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) արդեն կապ է հաստատել ռուս մասնագետի հետ և նրան պաշտոնական առաջարկ արել։ Տալալաևը ժամանակ է ուզել մտածելու համար։
Մարզչի առջև բարդ խնդիր է դրվելու՝ 2024 թ. դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Տալալաևը աշխատանքի հնարավորություն ունի նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ), սակայն, ըստ աղբյուրի, նա հակված է ընդունել Հայաստանի առաջարկը։
Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը սեպտեմբերի 11-ին հեռացել էր «Ախմատից»։
Տալալաևը «Փյունիկը» գլխավորել էր 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլը:
Սեպտեմբերի 29-ին ՀՖՖ-ն հայտարարություն տարածեց, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: