Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հետաքննել հայ գերիների մահապատիժը
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն տեսանյութը, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատիժը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Մենք համապատասխան մարմիններին կոչ ենք անում անհապաղ հետաքննություն սկսել: Տեսանյութի դեպքը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա «սա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»։
«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,-հավելեց նա։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը տեսանյութը հավաստի է անվանել՝ նշելով, որ այն ադրբեջանական զինուժի ձեռագիրն է, սակայն դեպքի վայրն ու ժամը դեռ պարզված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
- ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ