Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, նվաստացուցիչ մեր ժողովրդի համար. Վազգեն Մանուկյան
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրում է.
«Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե
Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։
Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։ Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի ողջ ժողովուրդն իր իշխանության քարոզչության տակ տասնյակ տարիների ընթացքում դարձել է մի վայրենի գազան, որը մինչև վերջ ուզում է հոշոտել հայերին։ Ու այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, նրանք զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան:
Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։
Մեր հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսինքն ու՞մ լծի տակ ավելի լավ կլինի, ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց հիմնական հարցը դա չէ. հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնու՞մ ենք մեր բանակի և մեր ժողովրդի առաջ, քանի որ մեր դեմ կանգնած է կատաղի թշնամի։
Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։
Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ:
Հարակից հրապարակումներ`
- Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
- Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
- ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
- ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան