ԿԳՄՍՆ. Ունենք բուհերի խոշորացման ծրագիր
«Նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որ ընդունելության քննությունները վերանան, և դրանք անցկացվեն կրեդիտների փոխճանաչմամբ, ինչպես զարգացած մի շարք երկրներում»,-այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նախարարին կից հասարակական խորհուրդի հերթական նիստում։
Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։
Նախարարության փոխանցմամբ, Թռչունյանը մանրամասնել է, քանի որ ավագ դպրոցը դեռ չունի կրեդիտային համակարգ, առայժմ չենք կարող դա անել:
«2026 թ. մայիսին կրեդիտային համակարգով կավարտեն առաջին աշակերտները, և միայն այդ ժամանակ կարող ենք ունենալ առաջին փորձնական հնարավորությունը՝ առանց քննությունների ընդունելություն՝ բուհերի կողմից համապատասխան կրեդիտների ճանաչմամբ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ օրենքի հիմնական թիրախներից մեկը վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը։
«Հիմա բուհերը ֆինանսավորվում են ուսանող-դասախոս հարաբերակցությամբ: Նոր կարգավորումը ենթադրում է բազային և կատարողական ցուցանիշների հիման վրա ֆինանսավորում՝ նոր բանաձևով»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ փոխվել են նաև ուսանողներին տրվող աջակցության ձևերը:
Մասնավորապես սահմանվել են հետևյալ աջակցության ձևերը՝ նպաստ, որը կտրվի սոցիալապես խոցելի և այլ առանձին խմբերի ուսանողներին, և պետական կրթաթոշակ, որը կտրամադրվի միայն բարձր առաջադիմության դեպքում:
Անդրադառնալով բուհի կառավարման մոդելին՝ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ կառավարման խորհուրդների անդամների թիվը սահմանվել է 12, որոնցից 6-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը, 6-ին՝ նշանակում համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը:
«Ներկայում ունենք բուհերի խոշորացման ծրագիր, և բարեփոխումների ընթացքն ապահովելու նպատակով, ըստ նախագծի, այս բուհերում լիազոր մարմնի ղեկավարը մինչև հինգ տարի ժամկետով կնշանակի ժամանակավոր կառավարիչ-ռեկտորներ և կձևավորի 12 անդամից կազմված կառավարման ժամանակավոր խորհուրդներ՝ նշանակելով խորհրդի նախագահներ, մինչև պետությունը կներդնի որակի համապատասխան չափանիշներ»,- նշել է նա:
Գիտության ոլորտում հիմնական խնդիրը, ըստ փոխնախարարի, վերաբերել է ակադեմիայի կարգավիճակին (գիտական, գիտահետազոտական ինստիտուտներ):
«Նոր նախագծով մենք առաջարկում ենք, որ ակադեմիան պահպանի իր կարգավիճակը, որն իր կազմում կմիավորի ակադեմիայի անդամներին, բաժանմունքները, աշխատակազմը և համակարգի կազմակերպությունները: Ակադեմիայի գործառույթներից են գիտության զարգացման և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունքների ներդրման, ինչպես նաև սահմանված կարգով մասնագիտական և փորձագիտական խորհրդատվության տրամադրումը: Բարեփոխումների շրջանակում այս նոր համակարգով կընդլայնվեն նաև Գիտության կոմիտեի լիազորությունները: Ունենք նաև ինստիտուտների խոշորացման խնդիր. ակադեմիական ինստիտուտները և բուհերը պետք է գործեն ավելի սերտ համագործակցությամբ, որի արդյունքում բուհերում կմեծանա հետազոտական բաղադրիչը: Այս նպատակով բազային ֆինանսավորման պահանջները որոշակի չափով կփոխվեն»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ կառավարման խորհրդի ձևավորման մասով, և վերադարձվել էր խմբագրման: Թռչունյանի, նոր նախագծի ներկայացումը մի փոքր հետաձգվել է՝ ՀՀ կառավարության կողմից «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» ընդունման հետ կապված, որից պետք է բխեն ոլորտի հիմնական օրենքները: