«Զուլալի»-ն մրցանակներ է ստացել
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի։
««Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը ք.Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն և կինո» («Литература и кино») XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը»,- նշված է ֆիլմի ֆեյսբության էջում։
Ավելի վաղ «Զուլալի» ֆիլմի գլխավոր դերակատար Հերմինե Ստեփանյանը Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի փայլուն դերակատարման համար ստացել էր լավագույն դերասանուհի մրցանակը:
«Հետաքրքիր ձևով է մեկնաբանվում Հերմինե Ստեփանյանի խաղը փառատոնի պաշտոնական էջում։ Նշվում է, որ հայ դերասանուհու խաղը արտասովոր կերպով է ցույց տալիս ցավն ու սերը, երբ խոսքեր չեն ասվում, բայց բացահայտվում են իր հայացքում, կեցվածքի, ժպիտի և անմարդկային հնչյունների կամ իր ներսում եղած իմաստալից լռության մեջ»,- նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։
90 րոպե
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ:
Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է, ով պատասխանատվություն է կրում ոչ հարազատ, բայց արդեն իր ընտանիքի անդամ համարվող մարդկանց համար: Տանտիրոջ՝ պապի ինքնասպանությունից հետո տան ամբողջ հոգսն այս կնոջ ուսերին է: Վերջում խոսում է Զուլալին: Նա բացահայտում է, թե ինչպես է մեծ ողբերգությունը շրջել իր կյանքը, ինչպես է կորցրել միտքը և ինչպես լույս աշխարհ եկավ Նազարոսը: Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը, բնությունը: