Ամփոփվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները:
Հիշեցնենք, որ մրցութային փուլ էին անցել 21 երկրի՝ 70 հեղինակի 95 աշխատանք։ Փառատոնի ժյուրիի անդամներն էին Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան)։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հատուկ մրցանակին» է արժանացել Դարյուշ Ալլահյարին (Իրան) «Միմ ընտանիքի հիվանդությունը» պաստառի համար։
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Հատուկ մրցանակին» է արժանացել Շիմոն Շիմանկևիչը (Լեհաստան) «Ելք» ներկայացման պաստառի համար։
Խրախուսական դիպլոմների են արժանացել Քրիստինա Պոլենդերը (Սերբիա) «Կաֆկա մեքենա» ներկայացման պաստառի համար և Միրոսլավ Զդրոդովսկին (Լեհաստան) «Բալադինա» ներկայացման պաստառի համար։
ԱԿՏ մշակութային ՀԿ-ի «Հատուկ մրցանակը» տրվել է Քշիշտով Մոտիկային (Լեհաստան) «Վրեժ» պաստառի համար։
«Լավագույն պաստառ» անվանակարգում «Արվարձանում» պաստառի համար հաղթող է ճանաչվել Էրիխ Բրեխբյուլը (Շվեյցարիա), «Էլեգիա Հուլիոս Հեսարի և Սիմորղի մի քանի թռչունների սպանության համար» պաստառի համար՝ Ռասուլ Հաղջուն (Իրան), և «Ժամանակը գետ է, ուր գնում եմ մեղք գործելու» պաստառի համար՝ Բենժամին Ֆերնանդեսը (Ֆրանսիա)։
«Գրան պրի» մրցանակի է արժանացել Յուրի Տորեևը (Բելառուս) «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պաստառի համար։
Փառատոնի մրցութային պաստառները մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ը, կցուցադրվեն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Մուտքն ազատ է»,- նշված է հաղորդագրությունում: