Ադրբեջանը Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի. Հասանով
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Բաքվի ու Երևանի միջև վերջին լարվածությանը, հորդորել է շարունակել բանակցությունները՝ լարվածությունը թուլացնելու համար, գրում է ParsToday-ը։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ «իր երկրի և Հայաստանի միջև առկա խնդիրները կարող են լուծվել երկխոսության և բարեկամության միջոցով»։
Զաքիր Հասանովն ասել է. «Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի և Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի»։