«Հրապարակ». ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրակի օրը Ալավերդիում կոալիցիոն հուշագիր ստորագրվեց ընտրություններում առաջին տեղը գրաված «Ապրելու երկիր» և երրորդ տեղը զբաղեցրած ՀԱԿ-ի միջև։ Ավելի ճիշտ` ՀԱԿ-ն իր մեկ մանդատով որոշեց, թե ով պետք է դառնա Ալավերդու քաղաքապետ։
Հիշեցնենք, որ ՔՊ ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով «Ապրելու երկրին» հավասար ձայներ է ստացել, և ՀԱԿ 1 մանդատից էր կախված, թե ով կունենա «50+1» ձայն, որպեսզի ձևավորի համայնքային իշխանություն։ Մինչ 2 ուժերի՝ կոալիցիա ձևավորելը, ՀԱԿ ցուցակը գլխավորած հաշվապահական ընկերության ղեկավար Նորայր Գևորգյանն ինքնաբացարկ ներկայացրեց:
Նա մեզ խոստովանել էր, թե կուսակցության որոշումն իր սկզբունքներին դեմ է, դրա համար է տեղը զիջում ցուցակի հաջորդ համարին։ Երեկ մենք Գևորգյանին հարցրինք՝ ուզում էիք իշխանությա՞ն հետ կոալիցիա կազմել։ «Այստեղ խնդիրն իշխանությունը չէ»: Հապա ի՞նչն է։ «Իմ մասնագիտությունը, ես չէի կանխատեսել, որ պետք է երրորդ տեղը լինեմ և առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնեմ, իսկ օրենքը դա է պարտադրում՝ առաջին տեղակալի պաշտոնը հասնում է ցուցակի առաջին համարին։ Ես նախընտրեցի իմ մասնագիտությունը»։
Բայց ասել էիք, որ կուսակցության որոշումը չի համընկնում Ձեր սկզբունքներին։ «Ուզո՞ւմ եք անկեղծանամ` այո, ես ազատական գաղափարախոսության կրող եմ, իսկ երբ բացում եք Ռուբեն Վարդանյանի ելույթները, տրամագծորեն հակադրվում են իմ սկզբունքներին, գաղափարներին. ես չէի կարող դեմ գնալ իմ սկզբունքներին»,- ասաց Գևորգյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա