Չեմ կարծում՝ Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստան-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
«Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ինչ վերաբերվում է խաղաղության փաստաթղթին, նման փաստաթուղթ գոյություն չունի, և գոյություն չունի որևէ օրինակ, որի մասին կարող է խոսել։
«Միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից: Խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին»,- ասաց Ա. Սիմոնյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրով, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը զրկվի ինքնորոշման իրավունքից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։
Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը գնացել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը պետք է և կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ։ Դա իմ անձնական կարծիքն է, կարծում եմ, իմ գործընկերները կկիսեն այդ կարծիքը»։
Միաժամանակ նա ընդգծեց, որ փաստաթուղթ չկա։
Հարցին, թե ո՞րը կլինի Հայաստանի իշխանության կարմիր գիծը, Սիմոյանն ասաց. «Դե հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա պատրաստ ենք կնքել խաղաղության համաձայնագիր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա