Բուխարեստում կայացել են միջոցառումներ՝ նվիրված ռումինահայ հայտնի նկարիչ, արվեստաբան Գրիգոր Զամբաքչյանին
Հոկտեմբերի 2-ին Բուխարեստում տեղի են ուեցել միջոցառումներ նվիրված ռումինահայ հայտնի նկարիչ, արվեստաբան և հավաքիչ Գրիգոր Զամբաքչյանի մահվան 60-րդ տարելիցին։
Միջոցառման բացմանը դիմելով ներկաներին՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, մասնավորապես, նշել է․ «Անգնահատելի է Զամբաքչյանի ավանդը թե Ռումինիայում արվեստի զարգացման ու պահպանման, թե Մայր Հայրենիքի հետ մշակութային կապերի ամրապնդման և խորացման գոործում։ Խորհրդանշական է, որ 2021թ․ Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ թողարկման փոստային ծրարի վրա պատկերված է նաև Գրիգոր Զամբաքչյանի լուսանկարը»։
Ռումինիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, Բուխարեստի հայկական մշակութային կենտրոնում հավաքված են եղել ինչպես հայտնի գիտնականներ ու արվեստագետներ, այպես էլ Գրիգոր Զամբաքչյանի ավանդի բազմաթիվ գնահատողներ, որոնց թվում են եղել Ռումինիայի ակադեմիայի փոխնախագահ Ռզվան Թեոդորեսկուն, Ռումինիայի ազգային արվեստի թանգարանի ղեկավար Կալին Ստեջերեանը, արվեստաբան Ռադու Բորոյանուն։ Միջոցառումը վարել է ռումինահայ հայտնի գրող-հրապարակախոս Բեդրոս Խորասանջյանը։
Եզրափակելով միջոցառումը՝ Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը հույս է հայտնել, որ Բուխարեստի այցեքարտ դարձած Զամբաքչյանի անվան թանգարանը երկար տարիներ կշարունակի զարմացնել այցելուներին։
Քննարկումից առաջ Բուխարեստի Սբ. Հրեշտակապետաց առաջնորդանիստ տաճարում, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ, անցկացվել է Գրիգոր Զամբաքչյան հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։