Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Նիկոլայ Լուգանսկին և Շառլ Դյություան
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա աշխարհահռչակ երկու երաժիշտների համերգը:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ բեմում կլինեն՝ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին և դիրիժոր, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր, Գերմանիայի երաժշտական քննադատների մրցանակակիր Շառլ Դյություան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):
Ծրագրում կհնչի` Ֆրեդերիկ Շոպեն «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2», Էկտոր Բեռլիոզ «Ֆանտաստիկական սիմֆոնիա»։
Հիշեցնենք, որ այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: