Քաղաքական 16:23 04/10/2022 Հայաստան

Տեր-Պետրոսյանի արձագանքն իր արձագանքի արձագանքներին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Տեր-Պետրոսյանի արձագանքն իր արձագանքի արձագանքներին.

«Առաջին. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի երեկվա հայտարարության մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ»: Այսպիսի պնդումն ամենևին կապ չունի Տեր-Պետրոսյանի ասածի հետ, որովհետև նա Ցյուրիխյան արձանագրությունների մասին որևէ դատողություն չի արել: Այլ ընդամենն ասել է հետևյալը. «Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում:

Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք արտահայտված են Հայ Ազգային Կոնգրեսի 2009թ. սեպտեմբերի 2-ի հայտարարության մեջ: Կոնգրեսը դրական է գնահատել Ցյուրիխյան արձանագրությունները՝ կտրականապես դեմ լինելով նրանցում տեղ գտած ընդամենը մեկ կետի, որը վերաբերում է հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:

Երկրորդ. Առաջին նախագահի երեկվա արձագանքից շատերը եզրակացրել են, թե նա դրանով վիժեցրեց իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կայացման հնարավորությունը: Նրանք պարզապես չեն հասկացել, որ այդ գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ օրը տված երկժամյա հարցազրույցի հետևանքով:

Դրանց արդյունքը, փաստորեն, հետևյալն է. Քոչարյանի նպատակն ամեն գնով Փաշինյանի իշխանության տապալումն է, իսկ Փաշինյանի նպատակը՝ ամեն գնով իր իշխանության պահպանումը: Սրանով, ըստ էության, նրանք միաձայնությամբ հայտարարեցին, որ երկխոսության կայացմանը հասնելու կամուրջներն այրված են»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}