Բորել. Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները
«ԵՄ-ն արել է ամեն ինչ՝ կոչ անելով կողմերին երկխոսության, ինչպես նաև հրադադար հաստատելու համար», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մեծացման հարցի քննարկման ժամանակ։
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», - ասել է Բորելը` հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:
Նա ընդգծել է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացումը, օրը, ըստ նրա, կօգնի նվազեցնել լարվածությունը։
«Ես ցանկանում եմ, որ Հարավային Կովկասում, ինչպես նաև շատ այլ շրջաններում, որտեղ դրա կարիքը կա, հասնենք խաղաղության։ Դժբախտաբար ունենք միայն քաղաքական ազդեցության միջոց։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- ասել է բարձր ներկայացուցիչը։
Նա շեշտել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։
«Ադրբեջանը ռմբակոծել և գրավել է հայկական տարածքի մի մասը, Հայաստանին պատկանող տարածքներում նրանք օգտագործում են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի ցավ է, 300 զինծառայող է զոհվել, նրանցից 207-ը հայաստանցիներ են։ Կան օկուպացված տարածքներ, ինչը բացարաձակ անընդունելի է ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի բացակայություն։ Զինված ուժերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա», - ասել է Բորելն ու ընդգծել, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը։
Միաժամանակ նա պաշտպանել է Ադրբեջանի հետ ԵՄ-ի կողմից կնքված էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ «համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»։
Բորելը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է» և հավելել, որ հետաքննություն է պահանջվում։
Տեսանյութը՝ «Հանրային ռադիո»-ի։