Արցախի ԱԽ հայտարարությունը մի քանի տողատակային, ակնարկային, ուղիղ արձանագրումներ ուներ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում նախօրեին որոշում է ընդունվել արձագանքել ՀՀ իշխող ուժի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը։
Ճիշտ է՝ հայտարարության ծավալուն տեքստը ձանձրացնող էր, բայց մի քանի տողատակային, ակնարկային, ուղիղ արձանագրումներ ուներ։
1. Հայտարարությամբ արձանագրվում է ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ հնչեցվող հայտարարությունների խնդրահարույց լինելը։
2. ՀՀ իշխանությանը հիշեցնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման ակունքներին վերադարձի մասին։
3. Արձանագրում, որ ՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է։
4. Շեշտվում է, որ Արցախի հարցով ընթացող գործընթացը դուրս եկել սահմանված սկզբունքերի ու տրամաբանության գծից։
5. Նշվում է, որ չնայած ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև Արցախի հարցով պարբերաբար խորհրդակցություններ են լինում, սակայն միշտ չէ, որ մոտեցումները ներդաշնակ են, կան հարցեր, որտեղ Արցախն ունի անհամաձայնություններ։
Ի դեպ, անհամաձայնությունների վերաբերյալ Արցախի ղեկավարությունը պետք է առավել հստակ խոսի և բաց ասի, թե ինչի վերաբերյալ է մոտեցումների տարբերությունը։
6. Ընդգծվում է, որ նախկինում՝ մինչև փաշինյանական ռեժիմի հաստատում, Արցախի հարցով գործընթացն ընթացել է ճիշտ ուղով՝ համայն հայության ռեսուրսների մոբիլիզացիայի պայմաններում։
7, Ի հեճուկս ՀՀ իշխանության, արձանագրվել է, որ համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով, ինչից ամեն գնով խուսափում է ՀՀ իշխանությունը։
8. Նշվում է, թե քանի Արցախը բանակցային գործընթացի լիիրավ կողմ չի դարձել, ՀՀ իշխանությունը չպետք է փախչի պատասխանատվությունից և շարունակի իրականացնել Արցախի ու արցախահայության շահերի ներկայացումը և պաշտպանությունը միջազգային հարթակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան.Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության
- Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ․ Արայիկ Հարությունյանը՝ ԱԽ նիստին