Տնտեսություն 12:21 05/10/2022 Հայաստան

Հուսով եմ՝ մեզ կհաջողվի Հայաստանը հզորացնել և դարձնել նորարարական, գիտելիքահեն պետություն. Անդրե Անդոնյան

Երևանում մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը (GIF), որն անցկացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ։

«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրով ամենամյա միջոցառումը Հայաստանում է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու առաջնորդներին ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:

Ֆորումի բացմանը FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ADI-ի և AEM-ի խորհրդի անդամ, McKinsey & Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը նշեց, որ արդեն չորրորդ անգամ Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումին մասնակցում են հայտնի դեմքեր։

«Նրանք այստեղ են, որ աջակցեն մեզ, աջակցեն Հայաստանին՝ առաջ տանել տեխնոլոգիաները և բարելավել նորարարությունը: Մենք փորձում ենք բաց երկխոսություն ծավալել: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հզորացնել Հայաստանը, առաջ տանել տեխնոլոգիաները և վստահություն ունենալ համաշխարհային տեխնոլոգիական համայնքի կողմից»,- նշեց նա։ 

Անդրե Անդոնյանը տեղեկացրեց, որ GIF-ն առաջին անգամ անցկացվել է 2017-ին, ամեն տարի տեխնոլոգիաների ու գիտության առաջատար դեմքեր հավաքվել են Երևանում, որ կիսվեն իրենց գաղափարներով և ներկայացնեն տեխնոլոգիաների պրակտիկ կիրառությունը: Նրա խոսքով՝ այս տարիներին անցկացված ֆորումների ժամանակ քննարկել են մեքենայական ուսուցումը, հետազոտական գիտությունները, ինժեներությունը՝ որպես էվոլյուցիա և արհեստական բանականության վերափոխում:

«Երկու տարի հետո մենք վերադարձել ենք նոր գաղափարներով, նոր էներգիայով, որպեսզի ձևավորենք էկոհամակարգը, որը նպաստում է գիտությանը, տեխնոլոգիաներին, առաջընթացին և նորարարությանը: Եվ վստահ եմ, որ գիտությունն ու նորարարությունն ավելի հզոր են դարձել, արհեստական բանականությունը շատ արագ է զարգանում, բարդանում և ավելի մեծ կարևորություն ստանում հասարակության համար: Ըստ էության՝ արհեստական բանականությունը ներթափանցում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, և մենք փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը»,- ասաց Անդրե Անդոնյանը։

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նշեց, որ ըստ կանխատեսումների՝ մինչև 2025 թվականը 85 մլն աշխատատեղ է վերանալու, դրա հետ մեկտեղ 97 մլն նոր աշխատատեղ է ստեղծվելու։

«Բացի այդ, 16 տրլն դոլար ներդրում է ակնկալվում գլոբալ տնտեսությունում ԱԲ-ից (արհեստական բանականություն). սա Չինաստանի ու Հնդկաստանի համատեղ ՀՆԱ-ն է: ԱԲ-ն հնարավորություն է տալիս ստեղծել նոր դեղամիջոցներ, գտնել լուծումներ մարդկանց առողջությունը պահպանելու համար»- ընդգծեց նա։

Անդրե Անդոնյանի խոսքով՝ ԱԲ-ն հնարավորություն է տալիս արագ որոծումներ կայացնել, քիչ ծախսեր կատարել, բարելավել կայացրած որոշումների ճշգրտությունը, ստեղծել նոր բիզնեսներ և ավելացնել եկամուտները. «ԱԲ-ն շատ կարևոր է մեզ համար որպես հասարակություն և որպես բիզնեսներ, հատկապես Հայաստանի համար՝ հաշվի առնելով մեր ժառանգությունը»:

Անդրադառնալով FAST-ի գործունեությանը՝ նա նշեց, որ հիմնադրամը գործում է արդեն հինգ տարի և այս ընթացքում ունեցել է 30-ից ավելի ծրագրեր, որոնց մասնակցել են 600 ձեռնակատեր, 1500 հետազոտողներ, իսկ շահառուները հնարավորություն են ունեցել մասնակցել համաշխարհային մակարդակի ծրագրերի:

«Մենք փորձում ենք աջակցել երկրի առաջընթացին ԱԲ ոլորտում, ձևավորում ենք կրթական որոշակի պահանջարկներ, սկսում ենք ամեն ինչ ավագ դպրոցից՝ մասնավորապես Երևանի և Տավուշի մարզում, որպեսզի պատրաստենք ապագա հետազոտողներին: Ձևավորել ենք առաջին ինկուբացիոն տարածքը, որտեղ աշխատում են մեր տեխնոլոգիական թիմերը»,- նշեց Անդրե Անդոնյանը։

Նա նաև հայտնեց, որ ստեղծել են լայն և կայուն հարթակ համագործակցության համար, ինչը մարդկանց հնարավորություն է տալիս իրենց կարողություններով մասնակից դառնալ ծրագրերին։

«FAST-ը փորձում է Հայաստանը դարձնել նորարարական, գիտելիքահեն պետություն մինչև 2041 թվականը»,- ընդգծեց Անդրե Անդոնյանը։

Նշենք, որ GIF-ի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 70 խոսնակ ու հյուրեր ավելի քան 20 երկրից, այն մեկ հարկի տակ է միավորել ոլորտով հետաքրքրվող ավելի քան 1000 մասնակցի։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի մասնակից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}