Այս առանցքը հետաքրքիր կարող է լինել նաև հենց Հայաստանի համար, Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իրանը ևս աստիճանաբար ձևակերպում է իր քաղաքակրթական առաջարկը, մի բան, որն այդպես էլ Ռուսաստանը չկարողացավ անել։
Մասնավորապես Իրանի քաղաքակրթական առաջարկի հիմքում կարելի է դնել Իրանի նախագահի ձևակերպած կոնցեպտը` «Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի իր ապագան, իսկ մյուս երկրները պետք է հարգեն այդ որոշումը»: Այս միտքը հաճախ է հնչում պաշտոնական Թեհրանի կողմից, իսկ այն ավելի առարկայական հնչեց և ձևակերպվեց Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում։ Ի դեպ, հանդիպումը Շանհայի գագաթնաժողովից հետո էր տեղի ունենում։
Եթե համեմատական տանենք, ապա այս կոնցեպտը շատ նման է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ձևակերպած «Մարդկության ընդհանուր ճակատագիր» կոնցեպտին։ ԵՒ կարծում եմ, որ սա պատահական չէ, քանզի հորիզոնում նշմարվում է Չինաստան-Իրան առանցքը, որին այլ պետություններ ևս կմիանան։
Այս կոնցեպտը կարծես թե գալիս է հակադրվելու արեւմտյան քաղաքակրթական առաջարկին` գլոբալիզմին։
Միևնույն ժամանակ նշեմ, որ Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ կապիտալիզացնել իր գերտերության կարգավիճակի հավակնությունը, չկարողանալով ձեւակերպել իր քաղաքակրթական առաջարկը, որը գրավիչ կլիներ այլ երկրների համար։ Ռուսաստանի «փափուկ ուժի» պարտությունը թանկ նստեց Ռուսաստանի գլոբալ ախորժակի վրա, և այո', նրա միակ միջոցը մնաց «կոպիտ ուժը»: Այս տեսանկյունից Չինաստան-Իրան առանցքը բավականին կենսունակ կարող է լինել, և շատ երկրներ ինքնակամ կարող են ձգտել դեպի այդ նոր առանցք։
Ի դեպ, այս առանցքը հետաքրքիր կարող է լինել նաև հենց Հայաստանի համար»։