Եթե Ղազախստանը, Տաջիկստանը չեն ճանաչել Արցախի սահմաններն, ապա Հադրութն Արցախ չէ՞. Գեղամ Նազարյան
«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը ԱԺ նիստում ելույթ ունեցավ երկու րոպե, չհնչեց ոչ մի հարց և ելույթ, նույնը նաև կրթության զարգացման ռազմավարության նախագծին է վերաբերում»,-ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ առանց քննարկումների, մի քանի ժամում ՔՊ-ի կողմից օրակարգը սպառելու խնդրին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա բոլորին հորդորեց գնալ Տավուշի մարզ, որտեղ փորձարկվում է նոր կրթական համակարգը և տեսնել, թե այն ինչ խայտառակ որոշում է:
«Ես կոչ եմ անում այս վարչախմբին հարցնել, թե ինչո՞ւ է 6-րդ դասարանից հանվել Հայոց պատմություն առարկան և դրա փոխարեն մտցվել կասկածելի՝ «Ես ու իմ աշխարհն» անունով առարկան՝ խայտառակ բովանդակությամբ»,-ասաց Նազարյանը և շեշտեց, որ փոփոխությունների միակ նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի մշակույթի նկատմամբ դպրոցում սեր քարոզելն է:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու հայտարարությունների ժամին այդ հարցը չի բարձրացրել՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ վերջին սահմանային դաժան դեպքերից հետ այդ մասին հայտարարությունների ժամին հանդես գալը ոչ ադեկվատ կլիներ:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքները, քանի որ քննարկումներին մասնակցելուց հետո էլ արդյունք չկա, ՔՊ-ն իր բավարար քվեով միաձայն անցկացնում է բոլոր նախագծերը, ինչպես արվեց այսօրվա նիստում:
Ներկայացնելով «Հայաստան» խմբակցության աշխատանքը՝ պատգամավորն ասաց. «Խմբակցությունում նիստ է գումարվել և որոշում է կայացվել ճնշում գործադրել բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, որպեսզի նավթն ավելի վեր չդասեն համամարդկային արժեքներից, որդեգրած մարդասիրական սկզբունքներից»:
Գեղամ Նազարյանն արձագանքեց նաև ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, թե ոչ մեկը չի ճանաչել Արցախի սահմանները:
«Այս իրավիճակում կարծես Հայաստանում Ադրբեջանի դեսպանն է նման հայտարարում, թե Արցախի սահմանները ոչ մեկը չի ճանաչել: Այսինքը, ստացվում է՝ եթե Ղազախստանը, Տաջիկստանը չի ճանաչել Արցախի սահմաններն, ապա ՀադրութՆ Արցախ չէ՞: Սա շատ վտանգավոր է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նման հայտարարությունները կրկնակի վտանգավոր համարեց, քանի որ այսօր Ադրբեջնը նույն ձևով ասում է թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանազատված չեն, հետևաբար՝ չկան:
Նազարյանը կոչ արեց նման հայտարարությունների համար ներողություն խնդրել, քանի որ վաղ, թե ուշ դրանք քննվելու են և դրդապատճառները կգտնվեն: