Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը
Այսօր Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 530 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան ժամը 03:51-ին, 10 կիլոմետր խորության վրա։
Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է տուժածների թիվն ավելանա։ Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկրաշարժի ժամանակ տանից փախչելու հետևանքով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ:
էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։