Մեկնարկում է «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագիրը
Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի:
««Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին Մոսկվայի Սինոդի երգչախումբը համերգներով հանդես կգա Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցում և Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցում, իսկ հոկտեմբերի 6-ին՝ Սևանում:
Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը:
Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև թանգարանային ցուցադրություն «Ռուսաստանը թանգարանային երկիր» խորագրով, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ «Թանգարանների ապրանքանիշերի խթանման ժամանակակից գործիքներ և տեխնոլոգիաներ» թեմայով:
2022 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա համաժողով՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հոգևոր ժառանգությանը, իսկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի «Հայաստան, Հայաստան» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվեն լուսանկարներ Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հավաքածուից:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ծրագրի փակումը, որի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մոսկվայի Սինոդի երգչախումբը հանդես կգա համերգով:
Նշենք, որ ռուսաստանյան պատվիրակության այցի շրջանակում կկազմակերպվեն նաև երկկողմ հանդիպումներ կինոլորտի մասնագետների և արվեստի բուհերի ներկայացուցիչների միջև»,- ասվում է հաղորդագրությունում: