Իշխանության համար կռիվն այսօր արդիական չէ. Արթուր Ղազինյան
«Ոչ միայն իշխանության, այլ, իմ խորին համոզմամբ, քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունն ու հավատը հասել է նվազագույնի, հասարակությունը քաղաքական համակարգից իրավիճակի շտկման ուղղությամբ ակնկալիք կարծես չունի»,- «Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով, այն, որ քաղաքական համակարգը կազմաքանդված է, քաղաքական ուժերը բացի ներկա, նախկին դիսկուրսից ապագայի առաջարկ ձևավորելու ցանկություն գունե առնվազն այն պահին չեն դրսևորում, դա նշանակում է, որ մնալու է ավանդական դարձած «մեղավորը դու ես, չէ դու ես» անհասկանալի և ապագայի հետ որևէ կապ չունեցող դիսկուրսի մեջ։
«Իսկ եթե քաղաքական համակարգը ստեղծված վիճակում ի զորու չէ իր միջից դուրս բերել ռազմավարական լուծումներ, ապա ի՞նչ է պետք անել։ Ամենակարևոր հարցը։ Պետականությունը կարող է ինչ որ մի պահի կազմաքանդվել, բայց պետությունը պետք է իր միջից դուրս բերի նոր պետականություն, նոր մոդել, ի զորու լինել դիմագրավել այն սպառնալիքներին, որոնք օրեցօր ավելի վտանգավոր են դառնում մեր պետության գոյության համար»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ Հայաստանում 2018 թվականի ցնցումների արդյունքում պետականությունը քանդվել է։
«Մենք հիմա կանգնած են մի խնդրի առաջ՝ կհաջողվի՞ արդյոք մեզ ձևավորել նոր պետականության հիմքեր։ Ընդ որում, այդ պետականության հիմքերը պետք է լինեն օրգանապես փոխկապակցած և հիմնված հայկական շահի վրա։ Հայկական շահի ընկալումը թերևս այսօրվա հայկական իրականության մեջ խեղված է, չկա մի ռազմավարական փաստաթուղթ, որտեղ գրված լինի, թե որն է հայկական շահը, ինչ ենք մենք ուզում»,- ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում պետք է կոնսոլիդացիա։
«Պայքարն այսօր ոչ թե իշխանության համար է, այլ պետությունը պահելու համար, որ վաղը կարողանանք իշխանության ձևավորենք։ Իշխանության համար կռիվն այսօր արդիական չէ, քանի որ վաղը մենք չենք ունենա պետություն, որտեղ իշխանություն կձևավորենք։ Մենք պետք է այսօր կռվենք պետության համար, իսկ պետության համար կռիվը ենթադրում է լայն, հայկական աշխարհի ներուժի ամբողջական կոնսոլիդացիա»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը։
Նա նշեց, որ պետք է հրավիրվի համահայկական կոնսիլիում. «Հայրենիքը կենդանի օրգանիզմ է, գտնվում է մահամերձ վիճակում, տարբեր ոլորտի մասնակիցների հավաք պետք է լինի՝ կոնկրետ չորս խնդիր լուծելու համար. իրավիճակի ճիշտ ախտորոշում՝ ինչ է տեղի ունեցել, ինչու մենք հասանք սրան, ինչու կազմաքանդվեց հայկական պետականությունը, քայքայման, փլուզման պրոցեսի կասեցում, ինչը հնարավորություն կտա շունչ քաշել, բուժման՝ էֆեկտիվ կուրսի մշակում և իրականացում, չորրորդ՝ ռեաբիլիացիայի գործընթաց։ Այս չորս հիմնական խնդիրն իր առջև դնելով՝ կոնսոլիդացնել այն ամբողջ, դեռևս կենսունակ մնացած հասարակության ներուժը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պայքարի և դիմադրության հնարավորությունները չի սպառել. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանի երեկվա ելույթից հետո երկու ժամ անց պետք է լիներ հակառակ բևեռի ընդլայնված հավաք. Վահե Հովհաննիսյան