Վիվա-ՄՏՍ. Երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ
Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նորագույն տեխնոլոգիաները հասցնել մարզեր: Մայրաքաղաքից կտրված՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, փողոցային լուսավորության արդի համակարգերի ներդրումը ոչ միայն պահանջված է, այլև՝ անհրաժեշտ: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումով, որոնք թույլ են տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:
Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են՝ Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի բնակիչները երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու ամենադժվար օրերից մեկը համարում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը: Պատերազմական իրավիճակ հիշեցնող օրը գյուղից մանկահասակ երեխաներին և կանանց տեղափոխելու համար փողոցներն առավել մռայլ ու վտանգավոր են համարվել: Հեռախոսների կամ տներից երևացող լույսերը բավարար չեն եղել ոտքերի առաջ տեսնելու և անհրաժեշտ տարհանումը կազմակերպելու համար: Ընթացիկ տարվա ծրագրի մեկնարկը տրվել է այստեղ՝ Վանեվանում: Տեղորոշվել են էլեկտրասյուների տեղակայման հնարավոր հատվածները։
«Հեռավոր գյուղերում փողոցային լուսավորության առկայությունը ոչ միայն քաղաքակիրթ կեցության բաղադրիչ է, այլև անվտանգության երաշխիք: Լինում են իրավիճակներ, երբ մարդիկ խուճապի են մատնվում: Մինչդեռ լուսավորություն ունենալու դեպքում նման բան չի լինի. մարդիկ կհասկանան, թե ուր են գնում և թե ով է իրենց ընդառաջ գալիս մյուս կողմից»,- ասել է Վանեվանի վարչական ղեկավար Իգոր Հարությունյանը:
Փողոցային լուսավորություն երբևիցե չունեցած գյուղն ընթացիկ տարում մասամբ կլուսավորվի: Բնապահպանական, էներգախնայող և արդի տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա ունենալ լուսավորված գյուղ և տնտեսվող միջոցներ:
Նախատեսում է տեղադրել 40 LED լուսարձակներից բաղկացած արտաքին լուսավորության համակարգ, որով հիմնականում լուսավորվելու է գյուղի կենտրոնական փողոցը և ևս երեք առավել բանուկ երկրորդական փողոց։
2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:
Ի տարբերություն սովորական լամպերի՝ բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ միաժամանակ ապահովելով ավելի բարձր լուսատվություն։
Ընդհանուր առմամբ, լուսավորվելու է 1400 մետր ճանապարհահատված։