Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար.Օմբուդսմենը՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների մասին
«Մարդու իրավունքների պաշտպանը պետական պաշտոնյա է, որին շատ հաճախ որոշ շրջանակներ շփոթում են ընդդիմադիր քաղաքական գործչի եհտ: Լինել քաղաքական չեզոք՝ չի նշանակում լինել ընդդիմադիր գործիչ»,-անդրադառնալով Սեպտեմբրի 21-ին Եռաբլուրում իր ներկայությամբ զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանության ոչ համարժեք ուժ կիրառելու դեպքին՝ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նա ասաց,որ որպես պետական պաշտոնյա մասնակցել է պետական արարողակարգային միջոցառմանը և այդ առումով ՔՊ-ի ներկայացուցիչների հետ Եռաբլուրում իր ներկայության մեջ որևէ խնդիր չի տեսնում:
Օմբուդսմենը հավաստիացրեց, որ իր Եռաբլուրում գտնվելու պահին տեսանյութերից է իմացել իրադարձությունների մասին և այնտեղ ծնողների չի տեսել:
Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ եղել է ՄԻՊ հայտարարությունը, որով դատապարտել է ոստիկանների վարքագիծը, պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից և հետամուտ է լինելու դրանք ստանալուն:
«Տեղում հասարակական կարգի ապահովման տակտիկաների մասով խնդիր կար, բայց նաև կոնկրետ ծառայողների, կոնկրետ գործողություններն իրավական գնահատականի արժանացնելու անհրաժեշտություն կա»,-ասաց օմբուդսմենը և հավելեց, որ ոստիկանությունից պատասխան է ստացել, թե կարգապահական մի քանի վարույթ է հարուցվել, քննչական կոմիտեում էլ կա բացված քրեական գործ և սպասում է դրանց արդյունքներին: