Գևորգ Դանիելյան. Այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ
Իրավական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Ընդամենը պետք է փաստենք, որ տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Արցախում ազգային ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Այս երկու սկզբունքների միջև հակասություն են տեսնում միայն նեղ քաղաքական շահերով ուղղորդվողները, ինչը լայն տարածում ունի նաև այլ երկրների ղեկավարների պարագայում: Ղազախստանի նախագահ Տոկաևը վերջերս բացահայտ անհիմն պնդում էր, թե դրանք միմյանց հակասող սկզբունքներ են, մինչդեռ՝ դե ֆակտո փորձում էր այդպիսով իբր կանխել ապագա իր համար անցանկալի զարգացումները:
Մենք ի սկզբանե պետք է ղեկավարվեինք ոչ թե ազգային ինքնորոշման, այլ տարածքային ամբողջականության սկզբունքով, որի իրավական հիմքը դրվել էր Հայկ ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների «Վերամիավորման մասին» համատեղ որոշումներով: Մենք լիարժեք իրավունք ունեինք պահանջելու, որ հետ վերադարձվեն ոչ պետական, զուտ կուսակցական կառույցների որոշմամբ բռնակցված մեր պատմական տարածքները, ինչը, ցավոք, այդպես էլ կամ հավուր պատշաճի չընկալվեց, կամ «այդպես էր» պետք:
Պատմական պահը բաց ենք թողել (թեպետ՝ ոչ անդարձ). բայց նույնիսկ այս դեպքում, ազգային ինքնորոշման իրավունքը ոչ թե պահանջ է այլ երկրներից, այլ զգալի փոխզիջում, քանզի մեզ պատկանող տարածքի ճակատագիրը կախվածության մեջ ենք դնում հանրաքվեից:
Իսկ այն, ինչ ստորագրվեց տարածքային ամբողջականության մասով, ունի քաղաքական բնույթ և բոլորովին այլ ենթատեքստ. այդ փաստաթղթուղթը բնավ չի նշանակում, որ փակվել է ազգային ինքնորոշման իրացման իրավական հնարավորությունը, և այս դեպքում, ոչ մի նշանակություն չունի, թե կողմերը դրա տակ դե ֆակտո ինչ են նկատի ունեցել, պարզապես այսուհետ Արցախի ժողովուրդը կարող է արդեն լիովին ինքնավար որոշում կայացնել, այլևս կաշկանդված չէ ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ պետության դիրքորոշմամբ և ստանձնած պարտավորություններով:
Հ.Գ. Քաղաքական բնույթ ունեցող պայմանագրերը ենթակա են վավերացման (Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) ....»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Վստահ եմ, որ այդ նպատակին նույնպես հասնելու ենք
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց
- Մակրոն. Հանուն Կովկասում երկարատև խաղաղության
- Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին