Ախալքալաքում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում
Ախալքալաքն ընդգրկվել է «Caucasus Cinema 2022» կինոարտադրողների ծրագրում, որի շրջանակներում տարին երկու անգամ Վրաստան են ժամանում տասնյակ սկսնակ և պրոֆեսիոնալ ռեժիսորներ, կինոգործիչներ, դերասաններ, երաժիշտներ, գրողներ, խմբագիրներ, լրագրողներ և պրոդյուսերներ՝ համագործակցելու կինոարտադրության բոլոր ոլորտներում:
Jnews.ge-ն գրում է, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրների մասնակիցները պետք է 5 շաբաթով ճանապարհորդեն կանխավ որոշված Վրաստանի շրջաններ՝ յուրաքանչյուր շրջանում մեկ շաբաթով։ 2022 թվականի աշնանը ծրագրային ցուցակի երկրորդ շրջանը դարձել է Ջավախքը։
30 երիտասարդ կինոգործիչներ Վրաստանից, Ամերիկայից, Ղազախստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Գերմանիայից երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ժամանել են Ախալքալաք։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանք պետք է նկարահանեն ու մոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ, որը կցուցադրվի կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին, Ախալքալաքի Ապագայի տանը։
«Ֆիլմի գաղափարն այն է, որ կա մի զույգ, ով երկար ժամանակ միասին է ապրել: Նրանք երիտասարդ տարիքում սիրահարվել էին միմյանց և չգիտեին, թե ինչ են ուզում ապագայից: Այժմ նրանք մեծացել են և նրանց ցանկությունները փոխվել են: Նրանք վիճում են և որոշում են բաժանվել: Մնացածը կտեսնեք կիրակի օրը»,- ասել է ֆիլմի ռեժիսոր և նախագծի մասնակից Մոլլի Ֆիրիկը։
«Ես Ախալքալաքի մեծ երկրպագու եմ: Այն շատ է տարբերվում Վրաստանի մյուս մասերից»,- շարունակել էնա: Այն փոքր տարբերությունը, որը ես նկատեցի, այն է, որ այստեղ ռեստորաններում հացի փոխարեն լավաշ են մատուցում: Ես կցանկանայի, որ մարդիկ այստեղ ավելի բաց լինեին, չվախենային խոսել տեսախցիկների առջև, քանի որ այն մարդիկ, ում ես այստեղ հանդիպել եմ, ամենաբարի և լավագույն մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ Վրաստանում»:
«Caucasus Cinema»-ն արմատական ընկղման ճանապարհով ֆիլմարտադրության յուրահատուկ մոդել է: Մասնակիցները միասին, ամեն շաբաթ, անընդհատ փոփոխվող թիմերում ստեղծում են օրիգինալ կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ: