Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հավակնում է վերականգնել երբեմնի սպորտային մեծ համբավը
Թեղինիսի գեղադիր լանջերին ծվարած Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հավակնում է վերականգնել երբեմնի սպորտային մեծ համբավը`դառնալով տարածաշրջանային գլխավոր մարզահամալիրը:
Հոկտեմբերի 7-ին Մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, որոնց կազմում են մի շարք օլիմպիական չեմպիոններ և այլ սպորտսմեններ ու տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ։ Հյուրերին հայկական ավանդական հյուրասիրությամբ՝ աղ ու հացով, դիմավորեցին Ծաղկաձորի գլխավոր մազահամալիրում։
Այցի նպատակն էր` ուսումնասիրել մարզահամալիրի առկա հնարավորությունները, քննարկել զարգացման հեռանկարները, դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ըստ առանձին սպորտաձևերի, որոնք էլ կներառվեն մարզաբազայի զարգացման ծրագրում։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հայ մեծ բարերար Ալբերտ Բոյաջյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հյուրերին վստահեցրել են՝ ներդրումները կնպաստեն, որպեսզի Ծաղկաձորի սպորտբազան դառնա ոչ միայն հանրապետական, այլև տարածաշրջանային նշանակության կենտրոն՝ ավելի ընդլայնված հնարավորություններով։ Այստեղ մշտապես մարզվել ու մարզվում են բազմաթիվ, այդ թվում` տիտղոսակիր մարզիկներ։
Կոմիտեից հայտնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը, որը հետաքրքրվել է բազայում հաշմանդամային սպորտի մարզաձևեր անցկացնելու հնարավորություններով։ Նրան վստահեցրել են, որ բազան ունի բոլոր հնարավորությունները պարալիմպիկ մարզվումներ անցկացնելու համար, քանի որ այստեղ մեր մարզիկները ևս մարզվում են պարալիմպիկ խաղերին պատրաստվելիս։
«Այժմ էլ այդ ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- ասել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման նախագծի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը։
Հանդիպման ընթացքում Օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լողորդ Վլադիմիր Սալինկովը և թենիսի՝ Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը հիշեցին, որ բազմաթիվ մեդալներ նվաճել են հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:
Հյուրերը եղան նաև միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի կորտերում, որոնց շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի օգոստոսի 17-ին և կավարտվի 2023_ի սկզբին:
«Այստեղ գործելու են թենիսի 9 գրունտային և երկու փակ կորտեր` հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայով, հանդերձարաններով և բացօթյա սրճարանով: Նախատեսվում է անցկացնել միջազգային երիտասարդական մրցաշար, որին մասնակցելու են տարբեր երկրներից երիտասարդական թիմեր»,- ասել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման ծրագրի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան