Առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսարանի բացումն իրականացվել է Իրանի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում, Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը ամրապնդելու և երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով:
ParsToday-ի փոխանցմամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «Խանե Մելլաթ» լրատվական կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացմանն ասել է. «Նկատի առնելով տնտեսական ոլորտները, բարեկամ Հայաստանի հետ մեր համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, որը 13-րդ կառավարության առաջնահերթություններից է, որոշում է ընդունվել Հայաստանի Սյունիքի մարզում ունենալ հյուպատոսություն»։
Աբդոլլահյանն ասել է՝ այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով: «Այս որոշման արդյունքում, առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք»,- նշել է նա։