Նյու Յորքի քաղաքապետը միգրանտների հոսքի պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը արտակարգ դրություն է հայտարարել՝ քաղաք անօրինական միգրանտների և փախստականների հոսքի պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
Նա նշել է, որ պաշտոնապես հանձնարարել է բոլոր համապատասխան գործակալություններին համակարգել ջանքերը հումանիտար օգնության կենտրոնների ստեղծման համար։
Ադամսի խոսքով՝ այս տարվա գարնանից Նյու Յորք է ժամանել ավելի քան 17 հազար մարդ՝ հիմնականում Հարավային Ամերիկայից։ Քաղաքապետը նշել է, որ միգրանտների մեծամասնությունը չափահաս մարդիկ են, որոնք չեն կարող օրինական կերպով աշխատել ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ, ժամանակավոր կացարաններում է գտնվում ավելի քան 61 հազար մարդ, որից գրեթե 20 հազարը երեխաներ են։
Քաղաքապետն ընդգծել է, որ եթե իրավիճակը չբարելավվի, և ապօրինի միգրանտների հոսքը մեծանա, ապա հաջորդ տարի փախստականների թիվը կհասնի 100 հազարի։ Այդ ժամանակ, ըստ նրա, քաղաքը չի կարողանա ֆինանսավորել այլ ծրագրեր։
Ադամսը նաև խնդրել է քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում բնակարան տրամադրել միգրանտներին և անօթևաններին:
«Մենք նաև կհայտարարենք համագործակցության մասին, որի շնորհիվ Նյու Յորքի բնակիչները կկարողանան ընդունել ապաստան հայցողներին և անօթևաններին։ Նյու Յորքի բնակիչները միշտ հոգ են տարել մեր ներգաղթյալ եղբայրների ու քույրերի մասին»,-հավելել է քաղաքապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին