Կառուցվում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցները
Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի արագ տեմպերով. «Գյումրին մեր սպորտային մայրաքաղաքն է, ու այնտեղ մրցակցային մարզապալատ չունենալը սխալ էր և անտրամաբանական: Արթուր Ալեքսանյանն էլ մեր օրերի ամենատիտղոսակիր, ամենափառապանծ մարզիկն է, այնպես որ շատ տրամաբանական է, որ մարզապալատը պետք է կրեր հենց նրա անունը»:
Ի սկզբանե, նախատեսվում էր 4 մլրդ 700 մլն արժողությամբ մարզահամալիր կառուցել, բայց աստիճանաբար գումարն ավելացավ և այսօր արդեն մարզահամալիրի կառուցման համար 5,8 մլրդ դրամ է նախատեսվում: Այն լինելու է մի քանի մարզաձևերի կրթօջախ, բացի դրանից՝ նաև հնարավորություն է տալու տարբեր մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնելու: 2021 թվականին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցմանը հատկացվել է շուրջ 680 մլն դրամ, 2022 թվականի հատկացումը ավելի քան 1 մլրդ դրամ է կազմում:
«Առհասարակ, ծրագրում էինք մարզահամալիրը շահագործման հանձնել 2025 թվականին, բայց քանի որ, աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով, կարծում եմ՝ արդեն 2024 թվականին կավարտենք: Արդյունքում կունենանք բարձրակարգ մարզապալատ, որտեղ ոչ միայն կմարզվեն մեր սաները, այլև հնարավորություն կստանանք Հայաստանում անցկացնելու տարբեր մարզաձևերի միջազգային բարձրակարգ մրցումներ»,- նշում է Կարեն Գիլոյանը:
Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում հնարավոր կլինի մի քանի մարզաձևերով կազմակերպել մարզումներ` ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, լող, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ:
Իրականացվող մյուս խոշոր ծրագիրը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումն է, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:
Շենքային պայմանների բարելավման ու նորոգման աշխատանքներ են ընթանում նաև Գյումրու թիվ 2 համալիր մարզադպրոցում:
Արտաշատի մարզադաշտում շարունակվում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները: Միաժամանակ մշակվում է ՀՀ կառավարության որոշում` արագ հավաքվող թեթև կոնստրուկցիաներով մարզական դաշտերի շինարարարություն իրականացնելու նորմատիվներ սահմանելու մասին:
«Այս տարվա ավարտին կփորձենք մեկ մանեժ ավարտին հասցնել, չհասցնելու դեպքում այն շահագործման կհանձնենք գարնանը: Եթե մանեժն ունենա մեր ցանկալի որակը, մյուս մարզերում ևս կտեղադրվեն մեկական մանեժներ: Դրանով կլուծվեն թե՛ մեծ, թե՛ մասսայական սպորտի խնդիրները,- ասում է Կարեն Գիլոյանը և հավելում,- ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ մարզադահլիճներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան սպորտով զբաղվել»:
Նշենք, որ նախատեսվում է կառուցել նաև Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցներ. տարածք է տրամադրվել Ռոման Ամոյանին՝ մարզադպրոց հիմնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: