Ճանապարհ կամ դպրոց կառուցելու փոխարեն թող դիրքերը կահավորեն․ Երվանդ Թարվերդյան
«Մենք այսօր մեր անվտանգությունը պետք է որոնենք ոչ միայն ՌԴ-ի , Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ՝ այլև մեր հազարամյա գործընկերների՝ Իրանի և Հնդկաստանի հետ»,-Tert.am–ի զրուցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանը գտնվում է գերտերությունների հետաքրքրությունների կիզակետում։
«Եթե Հնդկաստանը ՄԱԿ անվտանգության խորհրդում հայտարարում է Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի մասին, նշանակում է, որ Հնդկաստանը հետաքրքրված է մեր տարածաշրջանով։ Չինաստանը հայտարարում է, որ տարածաշրջանում սահմանները չպետք է փոփոխվեն, ինչը նշանակում է, որ Չինաստանը ևս հետաքրքրություններ ունի տարածաշրջանում։ Էլ չխոսենք Իրանի մասին, որի պատգամավորները հայտարարում են՝ իրենց հրանոթներն ուղղված են Բաքվին և պատրաստ են ներգրավվել ռազմական գործողություններին»,- ասել է Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը նշել է, որ մեկ օր շուտ պետք է սկսել համագործակցությունը Իրանի Իսլամական հանրապետության, Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Բերելով Իրանի օրինակը, որը զարգացել է պատժամիջոցների ներքո՝ Թարվերդյանը կարծիք է հայտնել, որ օր առաջ պետք է գնալ նրա հետ ռազմական համագործակցության։
Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին և դիրքերի կահավորանքին՝ քաղաքական գործիչը նշել է, որ ճանապարհ կամ դպրոց կառուցելու փոխարեն իշխանությունները նախևառաջ պարտավոր են կահավորել սահմանները։
«Առանց ապահով սահմանների դպրոցները, ճանապարհները կքանդվեն։ Առանց սահման պետություն գոյություն չունի։ Զենք չեն կարողանում ձեռք բերել, այդ դեպքում ո՞վ է խանգարում երկրի ղեկավարին ազատվել այն կադրերից, ովքեր չեն կարողանում կազմակերպել զենք գնելու գործընթացը, նրանց փոխարեն ներգրավել պրոֆեսիոնալների», -նշել է Երվանդ Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարը, խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, նշել է, որ Հայաստանի համար պետք է գերխնդիր լինի Արցախի անվտանգությունը։
Երվանդ Թարվերդյանն ընդգծել է, որ չի կարող պատկերացնել Արցախն Ադրբեջանի կազմում։
«Ես հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհը կապրի խաղաղ և չի ունենա քաղաքական սահմաններ՝ կլինեն զուտ մշակութային սահմաններ։ Միգուցե մեր սերունդը դա չտեսնի։ Սակայն ես դրան հավատում եմ»,- եզրափակել է Թարվերդյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան