Ավստրիացի պատգամավորն ադրբեջանցի պաշտոնյաներին կոչ է արել զինաթափվել նաև մտքերում
«Մենք պետք է զգույշ լինենք։ Ունենք կայծնակային զարգացում, այս անգամ բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած ռազմական բախումները ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքում են, այլ Հայաստանի՝ Գորիս, Սոթք, Ջերմուկ քաղաքներին մոտ»,- հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցի քննարկման ժամանակ ասել է ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախը, որը ԵԽԽՎ-ում Սոցիալիստների, դեմոկարտների ու կանաչների խմբի ղեկավարն է։
Նա նշել է, որ երկու կողմերն էլ ծանր զինատեսակներ են օգտագործում։ Եվրոպացի խորհրդարանականը նշել է, որ քննարկման ժամանակ էլ քարոզչությունը շատ է։
«Պետք է վերադարձ լինի հրադադարին։ Մենք, անշուշտ, ունենք իրավիճակ, որն առաջացել է ուկրաինական պատերազմի արդյունքում և ուկրաինական պատերազմի ստվերում։ Մենք պետք է հրադադար հաստատենք. Ռուսաստանը, անշուշտ, հիմա ուժ չունի, ի վերջո, Ռուսաստանն է միջնորդել վերջին զինադադարը: Դա նշանակում է, որ այժմ Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը շատ ուժեղ են այստեղ, և այլ միջազգային կազմակերպություններ, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, պետք է գործեն այստեղ: Այո, մեզ անհրաժեշտ է սահմաններին ԵՄ քաղաքացիական առաքելություն: Մենք նաև պետք է դիմենք Թուրքիային՝ օգտագործելու իր ներուժն այստեղ՝ հրադադարի հասնելու համար»,-ասել է ավստրիացի պատգամավորը։
Նա իր խոսքում Հայասանին կոչ է արել տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, իսկ Ադրբեջանին հիշեցրել, որ ռազմագերիների փոխանակման պայմանավորվածություն ձեռք է բերվել զինադադարի վերաբերյալ փաստաթղթով։
«Ադրբեջանում դեռ կան հայ ռազմագերիներ, նրանք նույնպես պետք է տուն վերադառնան: Հրադադարի մասին ցանկացած համաձայնագիր լավ է»,-ասել է նա։
Ավստրիացի պատգամավորը հիշեցրել է, որ արդեն յոթ տարի Ադրբեջանի հարցով համազեկուցողն է, պաշտոնական զրույցների ընթացքում առաջին իսկ վայրկյաններից տեսնում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տրավմա նրանց մոտ։
«Կարևորը ոչ միայն զինադադարն է, այլև մտքում զինաթափումը։ Թշնամիները չեն կարող իրար կողք ապրել։ Պետք է գալ բարիդրացիական հարաբերությունների, և ատելությունը պետք է վերանա դպրոցական ծրագրերից: Սա հարևանների միջև բարեկեցիկ ապագա ստեղծելու միակ ճանապարհն է»,-ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից
- Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերին հարվածելը կքննարկեն ԵԽԽՎ-ում