Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրով 2019 թ-ից մինչ օրս բուժօգնություն է ստացել շուրջ 1800 քաղաքացի
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել մոտ 1800 քաղաքացի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին։
Արմինե Աղաջանյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը. Եթե 2019 թ-ին բուժօգնություն է ստացել շուրջ 350 մարդ, ապա 2020-2022 թթ-ին՝ տարեկան մոտ 500 մարդ։ Բացի այդ, ըստ նրա ընդլայնվել է բուժօգնություն տրամադրող կլինիկաների աշխարհագրությունը։ «Բացի Երևանի երեք կլինիկաներից, ծրագրին միացել է Գյումրու բժշկական կենտրոնը, որտեղ ավելի քան 40 հիվանդի տրամադրվել է բուժօգնություն»,- ընդգծեց նա։
Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանն էլ նշեց, որ կաթվածի բուժումն ու վիրահատությունները, մասնավորապես, գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասումը, բավականին թանկ են և շատերի համար անհասանելի։
«Եթե հաշվի առնենք, որ կաթվածի դեպքում բուժօգնությունը պետք է տրամադրվի հաշված րոպեների ընթացքում, ապա պարզ է, որ շատ քիչ մարդիկ կարող են պատրաստ լինել անմիջապես այդ գումարը վճարել։ Ուստի դրա համար անհրաժեշտ է պետական պատվեր, ինչը հնարավոր դարձավ կիրառել 2019թ-ին»,- նշեց Նունե Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի ներդրումը օգնել է նվազեցնել իշեմիկ կաթվածի մահացությունը, ինչպես նաև փրկել բազմաթիվ հիվանդների հաշմանդամությունից:
«Մահացության ցուցանիշը հիվանդանոցներում տատանվում էր 30-40%-ի շրջանակում, իսկ ծրագիրը ներդնելուց հետո այդ ցուցանիշը հասել է 20%-ի: Բացի այդ, ծրագրի ներդրումից հետո կաթվածի նկատմամբ ուշադրության ավելացել է, բժիշկները սկսել են ավելի խորությամբ հետազոտել հիվանդներին»,- ընդգծեց Նունե Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին