Հայ դերասանների տաղանդի հմայքը լիտվական բեմում
Հոկտեմբերի 5-8-ը դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական XVIII փառատոնին: Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (բեմ.՝ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանի), իսկ Գոռ Համբարձումյանը «MENախոսություն» («Արմմոնո» փառատոնի նախագիծ, բեմ.՝ Տաթևիկ Մելքոնյանի) մոնոներկայացումները:
Ներկայացումները հաջող ընթացք են ունեցել: «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի մատուցմամբ արժանացել է փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականին և վերցրել փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը՝ «Հանդիսատեսի համակրանք»:
Հայկական պատվիրակության կազմում Լիտվայում է եղել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Panorama.am-ի հետ զրույցում Մ. Մխիթարյանն ասաց, որ այս փառատոնին տարբեր տարիներին բազմաթիվ հայ դերասաններ են մասնակցել՝ Նարինե Գրիգորյանը, Արամ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Ռոբերտ Հակոբյանը, ստացել են բարձր մրցանակներ։
«Այդ քաղաքում գիտեն, որ հայ թատրոնը շատ բարձր է, շատ հետաքրքիր է, հայ դերասանները շատ տաղանդավոր են ու հետաքրքիր, էմոցիոնալ են ու հմայիչ։ Այս տարի նույնպես այդպես էր»,- նշեց նա։
Արմեն Քուշկյանն այս տարի արդեն երրորդ անգամ էր Լիտվայում, փառատոներից մեկում արժանացել է մրցանակի «լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։ Այս փառատոնում երկու մրցանակի է արժանացել։
Մ.Մխիթարյանն ասաց, որ երիտասարդ դերասան Գոռն Համբարձումյանն առաջին անգամ էր մասնակցում այս կարգի միջազգային փառատոնի։
«Բոլորը խոսում էին հայ դերասանների էմոցիոնալ, արհեստավարժ լինելու մասին։ Լիտվան արդեն գիտի մեր հնարավորությունները, իրենք անհամբեր սպասում են, թե այս տարի ովքեր են գնալու, ինչ են ցուցադրելու, ինչով են զարմացնելու։ Այս անգամ էլ հուսախաբ չարեցինք»,- նշեց Մխիթարյանը։
Այդ նույն օրերին՝ հոկտեմբերի 6-ին, մեկ այլ հայ դերասան՝ Նարինե Գրիգորյանը, փայլեց մեկ այլ միջազգային փառատոնում՝ Հաննովեր քաղաքում կայացած թատերական փառատոնում:
«Նարինեն նույնպես հրավիրված էր Լիտվա, բայց չէր կարող միաժամանակ և այնտեղ լիներ, և այնտեղ, այդ իսկ պատճառով Արմենն ու Գոռը գնացին Լիտվա, Նարինեն՝ Գերմանիա»,- ասաց Մխիթարյանը։
Նա հայտնեց, որ ունեն այլ փառատոների մասնակցության հրավերներ ևս։
Այսօր Մարիաննա Մխիթարյանը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, հրավիրված է «Балтийский дом» փառատոնին որպես հյուր, որի շրջանակում նախատեսված են նաև կոնֆերասներ, այլ միջոցառումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան