Ճապոնիան 2,5 տարվա մեջ առաջին անգամ զբոսաշրջիկների համար չեղարկել է մուտքի սահմանափակումները
Ճապոնիան չեղարկել է մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսային համաճարակի բռնկման հետ կապված։ Երկիրը 2,5 տարվա մեջ առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հանվում է բիզնեսի և ուսումնական նպատակներով մուտքի համար գործող սահմանափակումների մեծ մասը: Դրա համար հանվել է անհատական տուրիստների համար զբոսաշրջային վիզաների տրամադրման գործող արգելքը, իսկ 68 երկրների համար կրկին առանց վիզայի Ճապոնիա կարճաժամկետ այցելության թույլտվություն է մտցվում:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները նույնպես շատ ավելի մեղմ են դառնում. երկիր մտնողներին բավական է ներկայացնել ԱՀԿ-ի կողմից ճանաչված պատվաստանյութերից մեկով եռակի պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ թեստ, որն արվել է թռիչքից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:
Ճապոնիան, որի տնտեսությունը դեռ չի վերականգնվել համաճարակի ազդեցությունից և էներգակիրների գների աճի պատճառով դժվար ժամանակներ է ապրում, դրական ազդեցություն է ակնկալում երկրի բացումից:
Մինչ համաճարակը 2019 թվականին Ճապոնիա է մուտք գործել 31,88 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Ներգնա զբոսաշրջության ցուցանիշով Ճապոնիան զբաղեցրել է 12-րդ տեղը աշխարհում և երրորդը՝ Ասիայում։ Ներգնա զբոսաշրջության տնտեսական էֆեկտը կազմել է 4,8 տրլն իեն (այն ժամանակվա փոխարժեքով 42,8 մլրդ դոլար)։ Մինչ համաճարակը 80%-ը կազմում էր անհատական զբոսաշրջությունը, ուստի զբոսաշրջության այս տեսակի սահմանափակումների մեղմացումը պետք է օգնի երկրին։