Ստեփանակերտում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի արձանը
Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է ջութակահար Բորիս Բաբայանի բրոնզաձույլ արձանը։
Անվանի ջութակահարի արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել. արցախցիները Բորիս Բաբայանին իր ջութակի հետ սովոր էինք տեսնել հենց Ստեփանակերտի հուշահամալիրում:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսայանը հայտնում է, որ գաղափարը Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին էր: Հենց նրա մտահղացմամբ ու աջակցությամբ էլ ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը հանձն է առել արձանի ստեղծումը:
Արձանի բացման որոշումը կայացվել է նրա մահից՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո:
Բացման միջոցառմանը ելույթներ են ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, Կոմիտասի «Հո՛վ արեք, սարե՜ր ջան» ստեղծագործությունը նվագել է ջութակահար Ալինա Սեյրանյանը: