Նոր Նորքում քանդվել է 6 ապօրինի շինություն
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում: Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում:
«Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել են վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Քաղաքացիներին հորդորել են նաև սեփական ուժերով ապամոնտաժել կառույցները:
Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով և ՀՀ ոստիկանության աջակցությամբ:
Ստուգայցերը բոլոր վարչական շրջաններում լինելու են շարունակական: Հայտնաբերված ապօրինի ցանկացած կառույց ապամոնտաժվելու է»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան