Ավստրիայի բնակիչների ավելի քան մեկ երրորդը հայտարարել է մեկ տարում եկամուտների կրճատման մասին
Ավստրիայի քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը հայտնել է վերջին տարվա ընթացքում եկամուտների կրճատման մասին։ Այս մասին ասված է վիճակագրական դաշնային գերատեսչության անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հետազոտությանը, որն իրականացվում է եռամսյակը մեկ անգամ, մասնակցում են Ավստրիայի 16-ից 69 տարեկան քաղաքացիներ։ Ընթացիկ ուսումնասիրությունը վերաբերում է այս տարվա երկրորդ եռամսյակի սոցիալական վիճակին, որին մասնակցել է 3120 մարդ, որոնք լրացրել են վիճակագրական ծառայության առաջարկած համապատասխան հարցաթերթիկները։
«2022 թվականի մայիս-հունիսին հարցվածների ավելի քան մեկ երրորդը ասել է, որ կորցրել է եկամուտը վերջին 12 ամիսների ընթացքում։ Բարձր գնաճը, որն ավելի ու ավելի բացասական ազդեցություն է ունենում, ամենից հաճախ նշվում է որպես եկամտի կորստի հիմնական պատճառը։ Աշխատանքային ժամերի կրճատումը և աշխատավարձի նվազումը որպես հիմնական պատճառ ավելի քիչ նշանակություն են ունեցել ուսումնասիրության նախորդ փուլերի համեմատ»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հետազոտության արդյունքների մասին զեկույցում։
Հարցվածների 31%-ը նշել է՝ ակնկալում է, որ իրենց ընտանիքի եկամուտը կնվազի հաջորդ 12 ամիսների ընթացքում: Խնայողությունները դառնում են ավելի անհրաժեշտ. հարցվածների 44%-ը նշել է, որ իրենք «կկրճատեն իրենց ծախսերը խոշոր գնումների վրա, օրինակ՝ կահույք, ավտոմեքենա, ճանապարհորդություն»։