Հայտնի չէ՝ 90 տարվա պատմություն ունեցող Բրյուսովի անվան համալսարանի միավորումով ինչ խնդիր են ուզում լուծել. ռեկտոր
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են անցկացնում։ Պատճառն այն նախագիծն է, որով նախատեսում են փակել համալսարանը։
«Հայտնի չէ, թե ինչ խնդիր են ուզում լուծել այս միավորումով, շատ հարցեր մնացել են անպատասխան»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Նրա խոսքով՝ իրենք սպասում էին նախագծին, որ տեսնեին, թե կոնկրետ որ համալսարանը որի հետ է միավորվում, ինչու, ինչ ժամկետներում և ինչ հիմնավորմամբ:
«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք դրա մասին իմացել, և երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Համալսարանի աշխատակազմի, դասախոսական կազմի և ուսանողության կողմից անցկացվող բողոքի ալիքն այդ լուրի տարածումից հետո է առաջացել»,-նշեց Կարինե Հարությունյանը։
Նա հայտնեց, որ այսօր համալսարանի աշխատակազմի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի կազմակերպվի քննարկում համալսարանում. «Այս հարցը մեր համալսարանի ուսանողության և աշխատակազմի հետ չի քննարկվել, մենք պետք է բարձաձայնենք մեր մտահոգությունների մասին, պետք է լսեն և ուսանողների, և դասախոսների կարծիքը։
Այս համալսարանը գրեթե 90 տարվա պատմություն ունի, իր ուրույն դիրքն ունի թե բարձրագույն կրթական համակարգում, թե ընդհանրապես Հայաստանում, այն մեծ հեղինակություն է վայելում և չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը որևէ սցենարով միավորվի որևէ այլ համալսարանի հետ»,- ասաց ռեկտորը:
Կարինե Հարությունյանը ուսանողներին և դասախոսներին խնդրեց վերադառնալ բնականոն աշխատանքի և մինչև շաբաթվա վերջ խնդրեն հանդիպում, հասկանան իրենց անելիքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան