Հայոց մշակութային ժառանգության դերի զրոյացման գործին ծառայող «հինգերորդ շարասյունը» ակտիվ գործում. Հնագետ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը գրում է.
«Նախորդ օրը համացանցով տարածվող մի նյութի հանդիպեցի, որն ակնհայտորեն միտված է սևացնելու Արենի 1 քարայրի (Թռչունների քարայր) պեղումների արդյունքները, հայաստանյան հնագետների կատարած գործն ու հնագետներին։ Այս կապակցությամբ կուզեի կիսվել մի քանի դիտարկումով։
Երբ խոսում ենք Արենի 1 քարայրի մասին, հարկ է հիշել, որ գործ ունենք երկիր մոլորակի այսօր հայտնի ամենահին գինու արտադրության մասին վկայություն տվող հնավայրի հետ։ Գինու արտադրությունը և այն համատեքստը, որ փաստվել է քարայրում (Կովկասի հյուսիսի, Իրանի, Փոքր Ասիայի և Միջագետքի հնագույն հասարակությունների հետ մշակութային և առևտրական կապերի մասին փաստագրված վկայությունները, աննախադեպ զարգացած մետաղագործության և բազմաթիվ այլ արհեստների մասին փաստ-վկյությունները, այգեգործության և պտղաբուծության մասին վկայությունները և այլն, և այլն) առավել քան որևէ բան Հայաստանում, վկայություն են այն բանի, որ Արաքսից հյուսիս բնակվող հասարակությունները քաղաքակրթության առաջավորասիական օյկումենի ձևավորման առանցքային դերակատարներից են եղել մ․թ․ա․ V-IV հազարամյակներում, ասել է թե քաղաքակրթության ձևավորման արշալույսին։
Փաստվել է մի բացառիկ երևույթ, որ դարձել է հայաստանյան գինու և գինեգործության բրենդ, հայաստանյան գինու մրցունակությանը նպաստող անչափ կարևոր «հաղթաթուղթ»։
Բնականաբար այս հանգամանքը շատ շատերի սրտովը չէ, քանի որ աշխարհում տարածված միֆեր է քանդում։ Այդ միֆը քանդող հուշարձանի նկատմամբ ատելության դրսևորմանը հանդիպել եմ ամիսներ առաջ, երբ պատահական մի խոսակցություն իմաստն ընկերս ինձ թարգմանեց։ Զբոսաշրջիկներ էին ( երևի գործարարներ կամ գիտության ոլորտի աշխատողներ), որ եղել էին Արենիում և իրենց լեզվով քննարկում էին, թե ինչ կարելի է անել, որ դա համարվի սուտ, որ Արենի 1 քարայրն արժեզրկվի և էլի նման ինչ որ դատողություններ։
Ընդ որում երկուսն էլ այն համոզմունքին էին, որ դա պետք է անել ուրիշի միջոցով, որ ավելորդ կասկածների ու խոսակցությունների տեղիք չտա։ Հիմա այս վայնասունը տեսնելով առավել քան համոզվում եմ, որ հայոց մշակութային ժառանգության դերի զրոյացման գործին ծառայող «հինգերորդ շարասյունը» ակտիվ գործում է և զգալի քանակով հայաստանյան հանդի տավարներ խանդավառությամբ միացել են այդ գործին։ Ինչու՞։
Ահա պատասխանը․
Քշե՛լ է միշտ է՛լ նաիրյան
երգերի սաղմը քամին,—
Տեսել է նա անթիվ թշնամի,
Բայց ծաղկել է կրկին՝ բո՛րբ ու բուրյան: Քշվե՛լ է, արվել ոտնակոխ,
Խառնըվել հրի ու փոշու,—
Բայց իբրև ոգի, իբրև շունչ,
Իբրև սաղմ անմահ, ինքնագոհ,—
Պահպանել է նա մի՛շտ անմեռ:
Իր ներքին ինքնությամբ անկոր,— ինչպես հունտն է պտուղի — անկոխ, Քանի չի նեխել միջից դեռ...
Պահպանել է իր միջուկն — անեղծ,
Եվ դարձել դրանո՛վ միայն — հար Բյուրավոր դժնի, անհնար Փորձանքների համար — անմերձ...
Չարենցյան այս տողերը հայի այս տեսակի մասին է նաև։
Հետաքրքիր է, ցուրտը տարած ուղեղով հայոց հունտը ներսից ախտահարողը տեղյակ է, թե ինչ ջանքեր են գործադրվել, որ այս եզակի հուշարձանը ռեստորան չդառնա, ինչ ջանքեր են գործադրվել, որ աշխարհի խոշորագույն հաստատությունների լաբորատորիաներում հսկայական գումարներ արժեցող անալիզներ արվեն, որ անհերքելի ապացույցներով հիմնավորվի քաղաքակրթական կարևորագույն ձեռքբերումների հայաստանյան հասցեն։
«Հիգերորդ շարասյան» ակտիվիստի դերը ստանձնած անուղեղներին քանի անգամ պետք է բացատրել, որ Հայաստանում բուրգեր չկան, որ Դվինի «բուրգը» մահմեդականի դամբարան է և, խիստ անցանկալի է, որ այդ հուշարձանի շուրջ ապուշի համառությամբ կրքեր են բորբոքվում, այն էլ մեր օրերում։ Այդ ո՞ւմ զառանցանքներն ենք ուզում «ապացույցներով հաստատել»։
Հայաստանյան ոչ մի հնագետ երբևիցե «սորոսյան գրանտներով» որևէ ծրագիր, հետազոտություն չի կատարել։ Սակայն սփյուռքի «հայրենասերներից» փող մուրացողներն անհեթեթություններով Հայոց պատմությունը ցեխոտելուց բացի, փորձում է ցեխոտել վաստակ ունեցող, իր գործին նվիրված հետազոտողներին։ Ողորմելու այս պահվածքը ոչ միայն մարտնչող տգիտության ցուցիչ է, այլև «հինգերորդ շարասյան» գործելակերպ։
Հիմա մի քանի բառ էլ գրեմ հայոց քաղաքակրթությանը ոչ վայել Արենիի «մարդակերության» կեղծ նարատիվի մասին։
«Հինգերորդ շարասյան» հաստագլուխ ողորմելիներին տեղյակ պահեմ, որ՝
գինու, խաղողագործության մասին բացառիկ տվյալներով այս քարայրը պաշտամունքային կառույց է։ Հունա-հռոմեական, հելլենիստական քաղաքակրթության ծիրում հայտնված գրեթե բոլոր մշակույթներում կարևոր տեղ է զբաղեցրել գինու և խաղողագործության աստծու՝ Դիոնիս-Բաքոսի պաշտամունքը։ Բազմաթիվ հետազոտողներ փորձել են ցույց տալ, որ Դիոնիսի պաշտամունքը Հունաստան է անցել Փոքր Ասիայից։ Այսօր էլ այն առավել տարածված և տիրապետող տեսակետներից մեկն է։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ Դիոնիս-Բաքոսի մասին առկա գիտական և գեղարվեստական գրականությունը, Էվրիպիդեսին․․.
Բոլոր դեպքերում կարևոր է իմանալ, որ՝
Ա/ Դիոնիսյան ծեսերում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել բախանալիաները /օրգիաները/ և դրանց հիմնական դերակատար մաենադները /Դիոնիսի սպասուհի-քրմուհիները/։
բ/ Դիոնիսյան ծեսերն ու օրգիաները երբեմն ուղեկցվում էին զոհաբերություններով։ Որպես զոհաբերություն Դիոնիսին՝ մոլագարության վիճակում գտնվող մաենադները պատառոտում էին կենդանիներին, զոհաբերում մանկահասակ երեխաներին, հոշոտում հում միսը։
գ/ Ուշադրության է արժանի Թեբեի արքա Պենթեոսին պատառ-պատառ անելու պատումը / Պենթեոսին հոշոտում են մայրը և քույրերը/ և հոշոտվածից մնում է միայն գլուխը։
Հիմա մի կարևոր հանգամանքի մասին։ Դիոնիսի անվան վաղագույն հիշատակությունը հայտնի է մ․թ․ա․ 14-րդ դարից։ Բուն Հունաստանում Գինու և խաղողի աստծո պաշտամունքը տարածում է ստացել մ․թ․ա․ VIII դարց հետո։ Գինու և խաղողագործության պաշտամունքի վայր Արենիի քարայրում բազմաթիվ դրվագներ ունենք, որ զուգադրելի են Գինու և խաղողագործության աստված Դիոնիսին վերաբերող առասպելների և պատումների միջոցով վերականգնվող ծիսական արարողությունների դրվագների հետ։ Արենին հասակագրվում է մ․թ․ա․ V-IV հազարամյակներով․․․ ԵՎ նորից հիշենք, որ հին հեղինակներից շատերը գտնում են որ, այս պաշտամունքը եկել է Փոքր Ասիայից․․․ Իսկ Փոքր Ասիա որտեղի՞ց կարող էր ներթափանցել․․․»։
Հարակից հրապարակումներ`
- «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». Հնադարյան բարձրարժեք նմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանում
- Արենի -1 քարանձավից դեռ անակնկալներ պետք է սպասել
- Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
- Արենիում հայտնաբերված հնավայրը արտառոց է իր օրգանական մնացորդների պահպանվածության աստիճանով
- Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում. National Geographic-ը` հայկական գինեգործության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին