Ազգային հերոս Վահագն Ասատրյանի զոհվելուց երկու տարի անց. «Իմ տղան գնացել է հաղթանակած»
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր հարգանքի տուրք մատուցվեց ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին: ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանը զոհվել է ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին Հադրութի համար մղվող մարտերում։ Իր զոհվելուց մեկ օր հետո Հադրութն ընկավ…
Ոստիկանության գնդապետ, երկրապահների «Նաիրի» տարածքային բաժանմունքի նախագահ, Վահագն Ասատրյանի բարեկամ, զինակից ընկեր Նիկողայոս Եղիազարյանը գնդապետին բնորոշում է՝ քչախոս, ինքնամփոփ, լուռ, ներսից ռոմանտիկ, սիրահարված իր գործին, իր մասնագիտությանը։
«Մեծացել է մի ընտանիքում, որտեղ միշտ ռազմական գործիչներ էին հավաքված լինում։ Մորեղբայրը՝ բանակի հիմնադիր, գեներալ Աստավածատուր Պետրոսյանն է, որը կարողացել է իր կյանքի գնով, տքնաջան աշխատանքով, սիրալիությամբ բոլորին միավորել ու մոտեցնել բանակին»,- ասում է Ն. Եղիազարյանը։
Նա մի դեպք է պատմում Վահագն Ասատրյանից. «Մի օր նա նկատում է, որ կուրսանտներից մեկն անհանգիստ է, հայացքը մտահոգ է։ Կանչում է իր մոտ ու հարցնում, թե ի՞նչ է պատահել։ «Ոչ մի բան, պարոն գնդապետ»,- ասել է կուրսանտը։ Բայց Վահագնը կարողացել է հոգեբանորեն մոտենալ ու իմանալ, թե ինչն է եղել կուրսանտի մտահոգության պատճառը։ Շիրակից էր այդ տղան։
«Մամաս ցախ է առել, կոտրող չունի»,- ասել է նա։ Վահագնը կազմակերպում է, ճանապարհում է տուն, որպեսզի կոտրի մոր ցախը, ու մեկ օր էլ թույլ է տալիս մնա տանը։ Ասում եմ՝ արտաքուստ խիստ, կարգապահ զինվորական էր, ներքուստ ռոմանտիկ, հաճելի, նուրբ անձնավորություն էր»։
Վահագն Ասատրյանը պատերազմից, իր գործողություններից որևէ մեկին չի պատմել, միայն ամեն առավոտ զանգահարել է մորը, մորաքրոջը, ասել, որ ամեն ինչ լավ է։
«Երկու տարի … Փակվեցին մեզ համար ցանկալի լուսաբացները։ Ընտանիքի անդամները, հարազատները, մարտական ընկերները ոչ մի ուրախության, միջոցառման չեն կարողանում մասնակցել։ Առանց Վահագնի բարդ է, ոնց որ աշխարհը փակ է»,- ասում է նրա զինակիցն ու հիշում գնդապետի պատգամը. «Կարգապահ, կարգապահ, կարգապահ։ Հաղթանակի գրավականը կարգապահությունն է։ Եթե լինես կարգապահ, գիտակցաբար անես այն գործը, ինչ պետք է անես, ուրեմն կհասնենք հաջողության, եթե պարզապես պետք է անես, քանի որ այդպես են ասել, չես հասնի հաջողության, հաջողությունը մեզանից երես կթեքի։ Կարգապահ, նվիրված, նվիրված, կարգապահ։ Սրանք էին իր մշտական թեզերը»։
Panorama.am-ի հարցին՝ ողջ լինելու դեպքում ո՞րը կլիներ Վահագն Ասատրյանի արձագանքը պատերազմում կրած պարտությանը, այն ամենին, ինչ կատարվում է հիմա Հայաստանի շուրջ, Ն.Եղիազարյանը վստահ է. «Խոսքով չէր արձագանքի, այլ գործով։ Իր նվիրյալների, հավատարիմների, մտերիմների հետ մարտական դիրքերից չէր իջնի»։
Վ. Ասատրյանի մայրը՝ Սիմա Պետրոսյանը չի համարում, որ մենք 44-օրյա պատերազմում պարտվել ենք. «Մեզ չեմ համարում պարտված։ Իմ տղան գնացել է հաղթանակած, ոչ մի պարտություն չի կրել Օմարից մինչև հարավ-արևելք՝ Ջաբրայիլով ու Հադրութով»։
Նրա երազանքն է ունենալ հզոր բանակ, իր տղայի գործը պետք է շարունակվի։
«Հավատացած եմ՝ իմ տղան եթե մնար, հիմա մենք դա կունենայինք»,- ասում է տիկին Սիման ու շարունակում, որ մենք պետք է հույս դնենք միայն մեր վրա, խաղաղությունը մեր միասնության մեջ է։
Հերոսածին մայրը քայլերն ուղղեց նաև քիչ այն կողմ հուղարկավորված եղբոր՝ «Արծիվ-մահապարտների միություն» ՀԿ նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի ( 1953-2020 թթ.) շիրիմին։
«Մեր ընտանիքը բանակաշինության մեջ էր։ Երբ Շարժումը սկսվեց, եղբայրս մտավ այդ շարժման մեջ, բանակաշինության առաջին քայլերը դրվեցին իր և Վազգեն Սարգսյանի հետ միասին։ Այդ ամենն իմ տղան տեսավ դպրոցական տարիքից։ Ցանկանում էի, որ որդիս բժիշկ դառնար, բայց նա արդեն իր ճանապարհն ընտրել էր։ Վահագն անընդհատ աշխատում էր իր վրա, հարստացնում էր գիտելիքները ոչ միայն ռազմական, նաև արվեստից, մշակույթից, գիտությունից հետ չէր մնում, ամեն ինչ գիտեր»,- ասում է տիկին Սիման։
Վահագն Ասատրյանը Զինված ուժերի շարքերում է եղել 1997 թվականից։ Ավարտել է 5 ռազմական բուհ։ Զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից 1994 թվականին: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո սկսվել է Վահագնի երկարամյա ծառայությունը Հայոց բանակում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար:
Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: 23 տարիների անբասիր ծառայության ընթացքում գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարած ստորաբաժանումները մշտապես եղել են լավագույնների շարքում։
5 ռազմական բուհերում ուսանած հրամանատարի համոզմունքն է եղել՝ փոփոխվող մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոցն անընդհատ կատարելագործվելն է:
«Եթե ուզում եք զինվորը ենթարկվի, զինվորը հարգի հրամանատարին, պետք է հրամանատարը լինի գրագետ, պետք է սպան լինի կարդացած։ Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դրանով ստեղծելու ես հարգանքդ, շրջապատդ, թիմդ, որով վաղը կարողանալու ես հաղթել հակառակորդիդ»,- ասել է Վահագն Ասատրյանը։
Վահագն Ասատրյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու պարգևատրել է Հայրենիքի շքանշանով: