Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կշարունակի բարձր մակարդակով ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին
ԱՄՆ-ն շարունակելու է բարձր մակարդակի ներգրավվածություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ամենաշաբթյա ճեպազրույցում։
Նա հիշեցրել է, որ անցած ամիս ԱՄՆ պետքարտուղարը Նյու Յորքում եռակողմ ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
«Բռնությունների վերջին աճից հետո դա նախարարների առաջին դեմ առ դեմ հնդիպումն էր: Նախօրեին, դուք տեսաք, որ քարտուղարը հնարավորություն ունեցավ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Ֆիլ Ռիկերը՝ այս խնդրի շուրջ մեր ավագ խորհրդականը, ամենօրյա կապի մեջ է եղել երկու երկրների պաշտոնյաների հետ: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում: Ես չեմ կարող որոշակի արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ այն մեզ համար առաջնահերթություն կլինի»,-ասել է Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ, բայց համոզված է՝ ավելի շատ ասելիք կլինի առաջիկա օրերին ու շաբաթներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:
Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան հրապարակել է Բաքվի և Երևանի հաշտեցման միակ բանալին
- Պետքարտուղարություն. Բլինքենը հորդորել է Ալիևին շարունակել շոշափելի քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացին աջակցելու համար
- Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին
- ԱՄՆ-ը ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն
- Կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց
- Պետքարտուղարության խոսնակ. Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել զորքերն իրենց ելման դիրքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան