«Ժողովուրդ». Ովքեր են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին աշխատասենյակում ծեծի ենթարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երևանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել:
Մոտ մեկ ամիս առաջ Երևանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու: Խոսակցությունը փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի սենյակում է ծավալվել ու չի ստացվել, քանի որ փոխթաղապետը օգտագործել է պաշտոնյային ոչ հարիր բառապաշար՝ «սպրո՞ս եք անում» հարցադրումով: Երևանի բնակիչներն էլ, որոնցից մեկը քրեական աստիճանակարգով բարձրագույն կոչում է ունեցել, բացատրել է, որ իրենք այդ նպատակով չեն եկել:
Այսպես, փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի հետ քաշքշուկ է եղել, քարտուղարուհին շտապ կանչել է մյուս փոխթաղապետին՝ Նիկոլայ Սարիբեկյանին: Այնուհետև սենյակ է եկել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որոնք բոլորն էլ հասցրել են հարվածներ ստանալ հենց աշխատասենյակում:
Ծեծկրտուքից հետո բնակիչները դուրս են եկել շենքից, իսկ թաղապետ Ղուկասյանը դիմել է ինչպես Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, այնպես էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին: Քրեական ենթամշակույթը խիստ մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության համայնքային ներկայացուցիչները խնդիրը ոչ թե լուծել են իրավապահների միջոցով, այլ «օրենքով գողերի» օգնությանն են դիմել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի առնչությամբ զանգահարեց Կենտրոն վարչական շրջան՝ խնդրելով տալ այն փոխթաղապետի հեռախոսահամարը, որի աշխատասենյակում ծեծկրտուք է եղել: Աշխատակցուհին միանգամից փոխանցեց Ռոմանոս Սաֆարյանի հեռախոսահամարը, սակայն ո՛չ նա, ո՛չ մյուս փոխթաղապետը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը չմեկնաբանեցին կատարվածը:
Զրուցեցինք Տիգրան Մարտիրոսյանի հետ, որը կոմունալ բաժնի պետն է։ Վերջինս ասաց. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք: Եթե նմանատիպ բան լիներ, միանշանակ ոստիկանություն կհրավիրվեր»: Թաղապետարանի ծեծից հետո «օրենքով գողերի» օգնությանը դիմելու մասով լուրը, բնականաբար, հերքեց նաև Տիգրան Ավինյանը, սակայն թաղապետարանի աշխատակիցները պատմում են ծեծի մանրամասները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան