Ծխում է Հայաստանի բնակչության մոտ 27,9 %-ը, տղամարդկանց 51,5 %-ը, կանանց՝1,8 %-ը. Մարիամ Մնացականյան
«Ծխախոտը ռիսկի գործոն է շատ հիվանդությունների համար, որոնք հիմնական մահացության պատճառն են ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում»,-«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրան է:
Տեղեկացնելով, որ ծխելը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց վրա, որոնք Հայաստանում բոլոր մահերի կեսն են կազմում, ինչպես նաև շնչառական խնդիրներ, շաքարային դիաբետ և քաղցկեղ ունեցող անձանց առողջության վրա՝ Մարիամ Մնացականյանն ասաց. «Մահացության կառուցվածքում չարորակ ուռուցքները կազմում են մահացության բուրգում 14,8 %, շաքարային դիաբետը՝ 1,3%, շնչառական օրգանների հիվանդությունը՝ 8,3 %։ Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի օգտագործմանը, ապա այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտություններն անցկացվել են դեռ 2017թ., ըստ որի՝ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ծխում է բնակչության մոտ 27,9 %-ը, տղամարդկանց՝ 51,5 %-ը, կանանց՝ 1,8 %-ը»:
Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ասաց, որ գերատեսչությունն ամեն տարի հետևողականորեն հետազոտություն է իրականացնում։
Նրա տեղեկացմամբ՝ մեկ ամիս առաջ ավարտել են հերթական դաշտային աշխատանքները և մինչև տարեվերջ բոլոր տվյալները կվերլուծվեն և կհամեմատվեն նախորդ հետազոտությունների հետ։
«Այս անգամ նաև ուսումնասիրվել են արտադրանքի այլ տեսակները՝ ծխախոտները և դրանց փոխարինողները»,-հայտնեց ինստիտուտի տնօրենը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է նաև ավանդական ծխախոտից տաքացման եղանակով ծխելուն անցնելու դինամիկան և դրա վտանգավոր հետևանքները:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Սրճարաններում ծխելու արգելքը չի հանվի
- Ըստ Արսեն Թորոսյանի, մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ ծխելը՝ մահացու վտանգավոր. «Ժողովուրդ»
- Պատրաստ եմ թողնել ծխելը հանուն այդ չարիքի դեմ պայքարի. Ալիկ Սարգսյան