«Եթե ապրել՝ ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին». Եռաբլուրում բացվեց Ցորի հրետանավորներին նվիրված հուշարձան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բացվեց Ցորի Դ-20 դիվիզիոնի հրետանավորներին նվիրված հուշարձան։ Այսօր լրացավ 19 հերոս տղաների նահատակման 2-րդ տարելիցը։
Եռաբլուրում հուղարկավորված են տղաներից հինգը։ Նրանց ծնողները ցանկացել են, որպեսզի բոլորը միասին մի տեղում լինեն որպես ուխտատեղի ու հուշարձան են կանգնեցրել։
«Մեր տղաները երդում են տվել, որ իրենք միասին մինչև վերջ պետք է պայքարեն։ Հինգ են այստեղ հուղարկավորված, մնացած տղաներն այլ վայրերում են։ Որոշեցինք, որ սա լինի իրենց երդման տալու վայրը, փորձեցինք ստեղծել ու նվիրել մեր տղաներին մի հուշարձան, որպեսզի բոլորը ներկա լինեին այստեղ»,- ասաց Անուշ Մելիքյանը՝ նահատակված հերոս Ռուբեն Պողոսյանի մայրը։
Հուշարձանի վրա գրված է տղաների երդման տեքստը՝ «եթե ապրել՝ ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին»։ Իսկ հուշարձանի կողքին բարձրացված դրոշին նրանց պատկերներ են։
«Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
«Մենք տեսանյութեր ունեինք, տեսել էինք, որ զոհվել են տղաները։ Բայց մտածում էինք, որ հնարավոր է 4-5 հոգի ողջ մնացած լինեն։ Պարզվեց՝ բոլորը զոհվել են։ Միայն հրամանատար Նորայր Հայրապետյանն է դեռ անհետ կորած։
19-ից 5-ը մոբ էին, մնացածը՝ ժամկետային զինծառայող»,- ասաց նահատակված հերոս Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինա Ազատյանը։
Հայկ Անտոնյանի մայրը՝ Մարինե Մուշեղյանի խոսքով, տղաների մասունքները գտել են Հադրութի Ջուվարլու կոչվող տարածքում. «Ադրբեջանական կողմը թաղել էր, չէին տալիս, որպեսզի չհերոսացնենք, քանի որ իրենց շատ կորուստներ էին պատճառել մեր տղաները։
Ասում են ՝ Հադրութը հոկտեմբերի 5-ից հանձնած են եղել, իսկ իրենք մինչև հոկտեմբերի 12-ն այնտեղ են եղել։ Հենց այդ օրը թշնամու 250 հոգանոց խումբ է հարձակվել։ Մեր տղաներին սխալ տեղեկատվություն են տվել՝ մերոնք են, չկրակեք։ Այլապես երեխաները… Դատական գործընթաց կա։ Հուսանք մեղավորները կպատժվեն»,- ասաց տիկին Մարինեն։
Ցորի Հրետանավորները
Հայկ Սարգսի Մելիքյան
Գեորգի Արմենի Բալայան
Սամվել Արթուրի Ղազարյան
Արթուր Արմենի Ասրյան
Լևոն Մհերի Գրիգորյան
Դավիթ Լևոնի Ազատյան
Արտյոմ Արտակի Տեփանյան
Ռուբեն Արսենի Պողոսյան
Նարեկ Արմենի Օհանյան
Արտակ Ջիվանի Միքաելյան
Հայկ Մհերի Պապիկյան
Վահե Արթուրի Պապյան
Հայկ Հովհաննեսի Անտոնյան
Սամվել Ստեփանի Պողոսյան
Նվեր Էդուարդի Ավանեսյան
Վահե Սարգսի Ավագյան
Վաչագան Գարիկի Հարությունյան
Կարեն Բորիսի Դանիելյան
Նաիրի Գրիգորի Բաղդասարյան
Նրանց վերջին հրաժեշտը տվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 2021 թ. դեկտեմբերի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ցորի հրետանավորները...նահատակման 2-րդ տարելիցը
- Դեռևս ոչ բոլոր անձանց է մեղադրանք առաջադրվել Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու փաստի վերաբերյալ. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան