«Ժողովուրդ». Հայաստանը պետք է պահանջի՝ ԵՄ առաքելությունը տեղակայվի այն տարածքներում, որը եղել է մինչև 2021-ի մայիսի 12-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար. այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։
Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում՝ հարևան Վրաստանում, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Սովորաբար պրակտիկա կա՝ առաքելության ժամանումը երկար չի տևում՝ մոտ երկու շաբաթ։
Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը և պետք է տեղակայված մնան, դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Նրանք զինված չեն, հետևաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, և նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ՝ եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին և փորձել ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջև։
Այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքանով կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ, այսպես, թե այնպես, նրանք տեղակայվելու են հենց ՀՀ սահմանին։ Առավոտից մինչև երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն, եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։ Շատ կարևոր հարց է, թե որտեղ պետք է կանգնեն այդ դիտորդները։ Հայաստանը պետք է պահանջի, որ նրանք տեղակայվեն այն տարածքներում, որը եղել է մինչև 2021 թվականի մայիսի 12-ը, երբ ադրբեջանական զորքերը մտան ինքնիշխան ՀՀ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում