Փարիզի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը,որը մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
«Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործում է ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, մենք բացարձակապես անընդունելի ենք համարում։ Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին
Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Փարիզի անհետաքրքրության մասին և կասկածի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու նրա երկրի կարողությունը։
Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրման ժամանակաշրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստեց հակամարտության կարգավորմանը։
Մեր երկիրը վճռորոշ ներդրում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը։
Դրա համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա։
Հենց Ռուսաստանն է սկսել աշխատանքը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։
Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը՝ խթանելու խաղաղության օրակարգը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսության հաստատման ուղղությամբ:
Փարիզի փորձերը՝ սեպ խրելու մեզ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ ՌԴ-ն երկարամյա և բազմակողմանի կապեր ունի, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»,- ասվում է հայտարարությունում։