Գործադիրը 50 մլն դրամ կհատկացնի ծանր վիրավոր զինծառայողի բուժման համար
Կառավարությունն այսօր որոշում կընդունի պահուստային ֆոնդից 50.1 մլն դրամ հատկացնել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Արմենի Հակոբյանի՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը: Կեցության ապահովման ծախսերը հաշվարկված են մինչև 100 օր բուժման հաշվարկով: Ծախսերը հաշվարկվել են ՀՀ կենտրոնական բանկի 07.09.2022թ.-ին սահմանված արտարժույթի համապատասխան՝ 1 եվրոն (EUR)=400.93 ՀՀ դրամ փոխարժեքով: Բուժման ծախսը՝ 107629 եվրո (EUR), ճանապարհածախսը՝ 1,000.07 հազար ՀՀ դրամ (ծնողի հետ Հունաստանի Սալոնիկ քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով) և կեցության ծախսեր՝ 6,334.71 հազար ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 21.04.2016թ. N 410-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի պահանջները` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանն է հատկացվելու 50,486.48 հազար դրամ, որը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից փոխանցվելու է Մանվել Հակոբյանի բանկային հաշվեհամարին` Հունաստանի Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կհոգա սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը
- Եթե կառավարությունը մեզ էշի տեղ է դնելու, ամեն մեկս մի մեքենա խաղող կբերենք կառավարության դիմաց կլցնենք. Խաղողագործ
- Գործադիրը 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց 30 կմ ճանապարհների նորոգման աշխատանքների համար