«Սիրե՛ք ձեր աչքերը»
Այսօր տեսողության համաշխարհային օրն է: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել ձեռքբերովի կուրության եւ տեսողական խանգարումների հետ կապված հիմնահարցերի վրա:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ Տեսողության համաշխարհային օրը նշում է 2003թ.-ից:
Հայկական ակնաբուժության նախագծից հայտնում են, որ այս տարի իր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ՀԱՆ-ը երեք հիմնական միջոցառում է իրականացրել՝ «բաց դռների օր» Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման նորաբաց կլինիկայում, երեխաների ակնային ընդհանուր հետազոտություն «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունում և առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ:
ՀԱՆ-ի Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման նորաբաց կլինիկայում Աչքի շարժական հիվանդանոցի բուժանձնակազմը տեղի ակնաբույժների հետ իրականացրել են քաղաքացիների ընդունելություն, ակնային խորացված հետազոտություններ և խորհրդատվություն՝ միաժամանակ տեղի գործընկերներին փոխանցելով իրենց փորձը:
ՀԱՆ-ի ակնաբուժական խումբն այցելել է նաև «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ակնային ընդհանուր հետազոտություն իրականացնելու, անհրաժեշտության դեպքում նաև օպտիկական ակնոցներ տրամադրելու համար: Կենտրոնի շահառու այն երեխաները և դեռահասները, ում մոտ հետազոտության արդյունքում կբացահայտվեն տեսողության խանգարումներ, կուղղորդվեն Երևանի առաջատար ակնաբուժական կենտրոններ՝ մանրակրկիտ հետազոտության եւ բուժման:
ՀԱՆ-ը «Իմ փոքրիկ» տեղեկատվական հարթակի հետ գործակցությամբ օրվա երկրոդ կեսին կանցկացնի առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ: Ակնային առողջության և անվտանգության վերաբերյալ կարեւոր տեղեկատվությանը զուգահեռ ծնողները հնարավորություն կստանան ուղիղ եթերում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ մանկական ակնաբույժ Մարիամ Հովհաննիսյանից:
Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, և վերջիններս տեսողության լուրջ խնդիր ունեն: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411մլդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում:
ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ և բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: ՀԱՆ-ը Աչքի շարժական հիվանդանոցում և «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է 31.000-ից ավելի ակնային վիրահատություն և լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 77.000 ակնոց:
«ՀԱՆ-ի երկարամյա աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%:
Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%:
50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով»,- նշում են ՀԱՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին