Երգեհոնային երաժշտության համերգ Կապանում
Սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը, որի շրջանակում Երևանում, Կապանում և Չարենցավանում տեղի կունենա 12 համերգ: Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված համերգով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը։
Փառատոնի շրջանակում Կապանի արվեստի քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում հանդես են եկել միջազգային մեծ ճանաչում ունեցող երգեհոնահարներ ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդեռլանդներ), միջազգային մրցույթների դափնեկիր Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան) և Կապանի մանկական արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը:
Հնչել են Բախի, Սեզար Ֆրանկի, Լեոն Բոելմանի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Փառատոնի ընթացքում հնչում են ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների ստեղծագործություններ: Փառատոնի ծրագրում ներառված են նաև Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ: